ԱՆ-ն «պատրաստ է աջակցել» ազատամարտիկների մոր վիրահատությանը, ՊՆ-ն «օգնելու ուղիներ է փնտրում»
Երեք ազատամարտիկների մոր սրտի վիրահատության համար ՀՀ առողջապահության նախարարությունը դիմումի հիման վրա կարող է տրամադրել 365 հազար դրամ պետական աջակցություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Այլ բան օրենսդրությամբ սահմանված չէ, նախարարությունը հնարավորություն էլ չունի»,-ասաց Հայթայանը, ավելացնելով, որ հարցն ավելի շատ Պաշտպանության նախարարության տիրույթում է:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց, դեպքի մասին տեղյակ է, անձամբ է զբաղվում: Խնդրի լուծման ընթացքի ու արդյունքի մասին խոստացավ տեղեկացնել:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Արդեն մի շաբաթ է, ինչ ՖԲ-ով դիմել էի վարչապետին, պաշտպանության և առողջապահության նախարարներին, տեղեկացնելով, որ զոհված ազատամարտիկի մորը անհրաժեշտ է սրտի վիրահատություն՝ 4 ստենտի տեղադրմամբ:
Մեկ շաբաթվա ընթացքում ստացանք միայն ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ:
Այսօր ամբողջ օրը լսում ենք բարձրագոչ ճառեր նվիրված մեր բանակին և ազգի համար իրենց կյանքը զոհած հերոսներին:
Իսկ զոհվածի մորը կառավարության որոշմամբ զրկում եք ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ:
Մեդալներ եք շնորհում, որ ի՞նչ անեն»:
Ազատամարտիկն ավելի ուշ շնորհակալություն էր հայտնել գրառմանն արձագանքողներին, նշել, որ առայժմ փորձում է ստիպել, որ «հարգեն մեր իրավունքները: Եթե գոնե 50 տոկոս զիջեն, մնացածը վարկ կվերցնենք և անել կտանք»:
Լուսանկարը՝ Հայոց աղավնիներ
1994թ.:Մարտ:Գանձասար:
Ձախից՝ Հովհաննես Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում