Նախատեսվում է, որ այս տարի «Արի տուն» ծրագրով Հայաստան կայցելի 1100 սփյուռքահայ երիտասարդ
Հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման աջակցման նպատակով այս տարի կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց փառատոնի ծրագիրը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ծրագիրը կֆինանսավորվի ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ հաստատվեց «Արի տուն» 2016 թվականի ծրագիրն ու միջոցառումների ցանկը:
Նախարարի խոսքերով՝ 2015 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 1103 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 40 երկրից: Այս տարի ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:
Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: