ՍԱՊԾ. ՀՀ-ից արտահանվող լոլիկն ու վարունգը չեն կարող թուրքական լինել
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վստահեցնում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկն ու վարունգը չեն կարող թուրքական լինել:
Հիշեցնենք, ռուսական լրատվամիջոցները տարածել էին Գայդարի ինստիտուտի և Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային կառավարման ակադեմիայի զեկույցը, որտեղ փաստաթղթի հեղինակները նշել էին, որ Թուրքիայից սննդամթերքի ներմուծման ռուսական էմբարգոյին չեն միացել ԵԱՏՄ մյուս անդամները: Նման իրավիճակը, ըստ փորձագետների, կարող է վատթարացնել հարաբերությունները դաշնակից երկրների՝ ռուսական շուկայում արգելված ապրանքներ հայտնվելու հետ կապված:
Panorama.am-ին ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ծագումնաբանությունը որոշելու լիազորությունը ՀՀ օրենսդրությամբ վերապահված է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, որի կողմից տրամադրվում է կոնկրետ խմբաքանակի ծագման երկրի սերտիֆիկատ:
«Պտուղ բանջարեղենի արտահանման ժամանակ մեր կողմից հիմք է ընդունվում ապրանքի տվյալ խմբաքանակի ծագման վերաբերյալ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրված սերտիֆիկատը»,-ասացին ծառայությունից:
ՍԱՊԾ տրամադրած տվյալների համաձայն, 2016 թ. հունվար ամսին ՀՀ տարածքից ՌԴ է արտահանվել մոտ 1.270 տոննա լոլիկ և վարունգ՝ մոտավոր հավասար համամասնությամբ: Նույն ժամանակահատվածում Թուրքիայից ՀՀ տարածք է ներմուծվել 0,6 տոննա լոլիկ և 0,2 տոննա վարունգ:
Համեմատության համար նշենք, որ 2015 թ. դեկտեմբեր ամսին Թուրքիայից ՀՀ տարածք է ներմուծվել 21 տոննա լոլիկ և 5 տոննա վարունգ, իսկ ՀՀ տարածքից ՌԴ է արտահանվել մոտ 440 տոննա լոլիկ և 302 տոննա վարունգ:
«Վերոնշյալից պարզ է դառնում, որ ՀՀ-ից արտահանվող լոլիկն ու վարունգը չի կարող թուրքական լինել»,-ասացին ՍԱՊԾ-ից, ավելացնելով, բացի այդ, մեր երկրում այժմ շատ են լոլիկի և վարունգի մշակությամբ զբաղվող ջերմատնային տնտեսությունները, որտեղից էլ ստացվում է այնքան բերք, որը հնարավորություն է ստեղծում ոչ միայն բավարարել տեղական շուկայի ամբողջական պահանջարկը, այլ նաև իրականացնել արտահանում՝ վերոնշյալ քանակությամբ:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մտահոգություն էր հայտնել, որ չդիմանալավ փող աշխատելու գայթակղությանը, որոշ տնտեսվարողներ ու չինովնիկներ կարող են թուրքական ապրանքը ռուսական շուկա հասցնել՝ այն ներկայացնելով որպես հայկական ծագման մթերքներ: Նա կոչ էր արել պետական մարմիններին առավել զգոն լինել:
Հարակից հրապարակումներ`
- Գների աճ և խնդիրներ ԵԱՏՄ-ում՝ թուրքական ապրանքների արգելքի հետ կապված
- Անօրինական ճանապարհով զգալի քանակությամբ թուրքական լոլիկ է ներկրվել Հայաստան. ՀԺ
- Արտահանվել է 774 տոննայով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն
- Ռուսաստանում լոլիկը կտրուկ թանկացել է
- Պիպոյանի մտահոգությունը. Փող աշխատելու գայթակղությանը որոշ արկածախնդիրներ չեն դիմանա
- Վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել