Իրանի և Ֆրանսիայի նախագահներն ազդարարել են երկկողմ հարաբերությունների նոր շրջանի մեկնարկը
«Իրանի և Ֆրանսիայի նախագահներն ազդարարել են երկկողմ հարաբերությունների նոր շրջանի մեկնարկը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Ֆրանսիան ազդեցիկ երկիր է Եվրոպայում ու աշխարհում: Իրանը կարևորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների ընդլայնումը երկու ժողովուրդների շահերից բխող բոլոր բնագավառներում»:
Իրանի նախագահը, անդրադառնալով Ֆրանսիայի Նոֆել Լե Շատո քաղաքում իսլամական հեղափոխության սկզբնական շրջանում ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի իրականացրած գործունեությանը, նշել է. «Ֆրանսիան Իրանին հիշեցնում է հեղափոխությունն ու Նոֆել Լե Շատոյում լուսահոգի Իմամ Խոմեյնիի ներկայությունը, որտեղից Իրանի ժողովրդի ձայնը լսելի էր դառնում աշխարհին: Այդ փաստը մշտապես մնալու է Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ ընդգծել է, որ միջուկային համաձայնության կատարումը նոր էջ է բացում ոչ միայն Թեհրան-Փարիզ, այլ ողջ աշխարհի հետ ունեցած Իրանի հարաբերություններում: Իրանն ու Ֆրանսիան՝ որպես երկու մեծ քաղաքակրթություն ունեցող երկրներ, վճռակամ են խորացնելու հարաբերությունները»:
«Իրանն ու Ֆրանսիան համակարծիք են տարածաշրջանային ու միջազգային շատ հարցերում, հատկապես տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության հաստատման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության հարցում»,-ասել է Ֆրանսուա Օլանդը:
Իրանի նախագահը, ավարտելով Իտալիան ու Ֆրանսիա կատարած այցը, հինգշաբթի գիշեր վերադարձել է Թեհրան: