Նազարբաև. Նավթի գինը նվազագույնի շեմին է և դա լավ է
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համոզվածություն է հայտնել, որ նավթի գները մոտ են նվազագույն շեմին և այդ իրավիճակը լավ է: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես նշվում է, իր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Նազարբաևը կոչ է արել սովորել ապրել նոր իրականության պայմաններում, գտնել զարգացման հնարավորություններ, հաղթահարել ռիսկերը, ճգնաժամը և չսպասել, որ նավթի գները կտրուկ աճ կգրանցեն:
«Եթե հիշում եք 1998թ-ին մեկ բարել նավթը արժեր 8.5 դոլար, այնուհետև հաջորդ ողջ տասամյակում գները աճեցին մինչև 130 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ապա սկսվեց մյուս տասնամյակը՝ անկման շրջանը, որը հնարավոր է հիմա արդեն մոտենում է նվազագույն շեմին: Մենք ուղղակի պետք է հիշենք, որ արդեն կես տարուց ավել է, ինչ ապրում ենք մեկ բարելը 30 դոլար գնի պայմաններում, և դեռ ոչինչի չի եղել: Այնպես որ մենք կհաղթահարենք, միգուցե արդեն պետք է սովորենք այդ պայմաններին, կարծում եմ սա դեռ երկար կշարունակվի: Երևի լավ է, որ այդպես է: Մենք Ձեզ հետ միասին միջոցներ կձեռնարկենք»,- նշել է Ղազախստանի նախագահը: