
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը վերաբերող հարցեր
Կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացիական կոոպերատիվների կայացմանը: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությունում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը կարևորելով այդ գործընթացում բոլոր շահագրգիռ մասնակիցների ջանքերի համատեղումը՝ առաջարկել է ներկայացնել «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքից բխող գործնական քայլերի և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ:
Խորհրդակցության ժամանակ արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և ոլորտի հետագա զարգացման հեռանկարներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: