Մեկնարկել է «Կենգուրու 2016» միջազգային մաթեմատիկական մրցույթը
«Այբ» կրթական հիմնադրամն արդեն ութերորդ տարին անընդմեջ Հայաստանում և վեցերորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպում ու անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:
«Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Կենգուրու 2016»-ը տեղի կունենա մարտի 17-ին։ Մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1274 դպրոցներ:
Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 19-ն է:
Մանրամասների համար կարելի է այցելել «Կենգուրու» մրցույթի կայք կամ զանգահարեք «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակ:
2015 թվականին «Կենգուրուն» աննախադեպ արդյունք է ցուցաբերել. մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 1068 դպրոցներից: «Կենգուրուն» նախորդ տարի ունեցել է 4 հաղթող, ինչպես նաև 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի:
«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է 63 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Կարևորը երեխայի ցանկությունն է` փորձելու իր ուժերը մաթեմատիկայում և նորովի նայելու այս հետաքրքիր ու անչափ կարևոր առարկային:
«Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում