Շիրակի մարզում բժշկասոցիալական փորձաքննության նոր հանձնաժողով կստեղծվի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության այսօրվա նիստում առաջարկեց Շիրակի մարզում ևս մեկ նոր բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ստեղծել:
«Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով կազմելու նպատակն է իջեցնել Շիրակի մարզի թիմ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը, վերացնել անհարկի հերթերը ու բարձրացնել մատուցվող ծառայության որակը», -որոշման նախագիծը ներկայացնելիս հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախագծի հիմնավորման համաձայն, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրը տարեկան փորձաքննում է շուրջ 3900 անձի: Համաձայն գործող նորմացույցի՝ ընդհանուր բնույթի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները պետք է տարեկան փորձաքննեն 3200-3600 անձի, այսինքն՝ ամենաշատ ծանրաբեռնվածության դեպքում փորձաքննվողների թիվը չպետք է գերազանցի 3600-ը:
Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը: