Քաղաքացիների 46 տոկոսին չի մտահոգում, որ տարբեր կազմակերպություններ պահում են իրենց անձնական տվյալները. հաշվետվություն
Քաղաքացիների 61 տոկոսը տեղյակ չէ, որ կա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, որի համաձայն իրենք իրավունք ունեն պետական և մասնավոր կազմակերպություններից իմանալ, պահանջել և ստանալ իրենց մասին պահվող տեղեկությունը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության հանրային հաշվետվությունից:
Հարցված քաղաքացիների 39 տոկոսն է միայն տեղյակ եղել, որ ունի նման իրավունք: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրավիճակի նախնական գնահատման նպատակով հարցումն անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը Երևանում և մարզերի քաղաքային ու գյուղական համայնքների 18-65 տարեկան 279 քաղաքացիների շրջանում:
Հարցին, թե արդյոք քաղաքացիներին մտահոգու՞մ է, որ պետական և մասնավոր կազմակերպությունները կարող են պահել իրենց անձնական տվյալները, հարցվածների 46 տոկոսը պատասխանել է, որ իրենց չի մտահոգում:
Մտահոգություն հայտնած քաղաքացիների 20 տոկոսն ասել է, որ վստահ չէ, թե անձնական տվյալները անվտանգ ու բավարար են պաշտպանված, 13 տոկոսն ասել է, որ տվյալներն իր անձնական գաղտնիքն է, 9 տոկոսն ասել է, որ իրենց կարծիքով տվյալների օգտագործումը բավարար չի հսկվում:
Ավելին հարցվածների 62 տոկոսը պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելուց չի ծանոթանում, թե այլ կողմին փոխանցած իրենց մասին տվյալները ինչպես կարող են օգտագործվել։
Այդ պայմաններին ասել է, որ ծանոթանում է միայն հարցված քաղաքացիների 38 տոկոսը:
Հարցվածների հիմնական մասին` 47 տոկոսին չի հետաքրքրում այն, որ հանրային վայրերում իրենց տեսաձայնագրում են: Հարցվածների գրեթե նույնքան հատվածին չի մտահոգում, որ կազմակերպությունները կարող են պահել իրենց անձնական տվյալները։
Նշենք, որ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիմնվել է բոլորովին վերջերս` 2015 թվականի հոկտեմբերի 9-ին: Առաջիկա հինգ տարիների համար գործակալության պետ է նշանակվել Շուշան Դոյդոյանը: Իր գործունեության կարևորագույն սկզբունքներից Դոյդոյանը համարում է կառույցի հրապարակային գործունեությունը:
«Չէի ցանկանա, որ գործակալությունը դառնար հերթական հսկիչ և տուգանող կառույց. Նման կառույցները մեր երկրում շատ են։ Պետք չէ համալրել դրանց շարքը: Մեր խնդիրն է քաջալերել և խրախուսել անձնական տվյալներ մշակող ընկերություններին, որ խնամքով մշակեն և անվտանգ պահպանեն դրանք: Վարչական պատասխանատվությունը զուտ լրացուցիչ գործիք է, ոչ թե մահակ, որի «ահից» տվյալներ մշակողները ստիպված լինեն կատարել օրենքը», -հաշվետվության մեջ նշել է կառույցի ղեկավարը:
Ի դեպ, վարչական պատասխանատվության մասին. գործունեության այս կարճ ժամանակահատվածում գործակալությունում հարուցվել են անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ առաջին վարչական վարույթները:
Հարուցված երկու վարույթից մեկը քաղաքացու դիմումի հիման վրա է և վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքացու ավտոմեքենայի տեսագրության օգտագործմանը՝ որպես քաղաքացու կողմից իրավախախտման փաստի ապացույց: Քաղաքացին խնդրել է ստուգել իր անձնական տվյալների օգտագործման իրավաչափությունը:
Մյուս վարույթը հարուցվել է փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա ևվերաբերում է ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ՓԲԸ-ի բաժնետերերի մասին տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում ներառելու իրավաչափությանը: ՓԲԸ-ն խնդրել է Պետական ռեգիստրի գործակալությունից պահանջել իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանից ոչնչացնել ՓԲԸ-ի բաժնետերերի կազմի, նրանց մասնակից դառնալու, մասնակցության չափերի և դրանց փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը:
Այս երկու վարույթներն առայժմ ընթացքի մեջ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան