Հունվարի 1-ից ստացիոնար բուժհիմնարկներում բուժօգնություն է ստացել շուրջ 3000 քաղաքացի
Հունվարի 1-ից մինչև այսօր ստացիոնար բուժհիմնարկներում սուր շնչառական հիվանդության, գրիպի ու դրանց հետևանքով առաջացած բարդություններով բուժօգնություն է ստացել շուրջ 3000 քաղաքացի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Նրա խոսքերով՝ նրանց մի մասը դեռ շարունակում է բուժօգնություն ստանալ:
«Քանի դեռ հունվարը չի ավարտվել և այս թվերը ենթակա են ճշտման, ավելի կոնկրետ ցուցանիշներ կունենանք որոշ ժամանակ անց: Հիվանդանոցային բուժօգնության հիմնականում դիմել են բարդություններով դեպքերը»,- ընդգծեց Սարո Ծատուրյանը՝ հավելելով, որ սովորական գրիպի դեպքերը պոլիկլինիկական բուժման ենթական են և պոլիկլինիկաներում էլ դիմելիությունը բարձր եղել է:
Ըստ նրա ՝ հիվանդանոցային դիմելիության դեպքերի շուրջ 60 տոկոսը պետական պատվերի շահառուներն են եղել, որոնք բուժվել են անվճար: Դրանց մեծ մասը եղել են երեխաներ, իսկ երեխաների բուժումը երկրում անվճար է:
«Անվճար բուժօգնություն են ստացել և շարունակում են ստանալ բոլոր սոցիալական խմբերին պատկանող անձինք»,- տեղեկացրեց Սարո Ծատուրյանը:
Հաշվի առնելով հիվանդության տարածումը զսպելու անհրաժեշտությունը և կարևորությունը, հունվարի 1-ից 20-ն անկախ սոցիալական խմբից և կարգավիճակից, բոլոր քաղաքացիների բուժօգնությունն իրականացվել է անվճար:
Ինչ վերաբերում է հունվարի 20-ից հետո դիմողներին, ապա Ս.Ծատուրյանը ընդգծեց, որ շարունակում է գործել պետպատվերի բոլոր չափորոշիչները, իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ունի վճարելու հետ խնդիր և պետք է հոսպիտալացվի, կա համապատասխան ծառայության որոշմամբ սահմանված մեխանիզմ:
«Այն իրավասություն է տալիս բուժհիմնարկների տնօրեններին, բոլոր պետական պատվեր կատարող բուժհիմնարկների տնօրեններին, որոշակի սահմաններում, տվյալ հիմնարկի բյուջեի 5 տոկոսի սահմաններում առանց որևէ սոցիալական հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալ քաղաքացու բուժօգնությունը կատարել անվճար: Այդ դեպքը փոխհատուցվում է առողջապահության նախարարության կողմից»,- հայտարարեց Ս.Ծատուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում