Գարնանացանի համար պատրաստ է 3,5 հազար հա վարելահող. Արցախի գյուղնախարար
Գյուղատնտեսական փոխառությունների մարման ձգձգումը խոչընդոտում է վարկավորման ընդհանուր ծրագրի արդյունավետ իրագործմանը: Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով ֆինանսական կարգապահությունը վարկավորման գործընթացում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության կառավարության պաշտոնական կայքից:
«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը նշել է, որ շրջվարչակազմերը հիմնադրամի նկատմամբ ունեն մոտավորապես 175մլն, իսկ համայնքները՝ 157մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ՝ կուտակված 2008-2013 թվականներին:
Գյուղնախարար Արամ Մխոյանի խոսքով՝ հանրապետությունում կատարվել է 54 հազար հա աշնանացան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արված 39 հազար հա-ի դիմաց: Նրա զեկուցմամբ՝ գարնանացանի համար պատրաստ է 3,5 հազար հա վարելահող, նախարարություն են ներկայացվել 6000 հա գարնանացանի սերմերի հայտեր: Ա. Մխոյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հորդորել է չուշացնել հայտերը՝ սերմերը ժամանակին ստանալու համար:
Մկնանման կրծողների դեմ պայքարի վերաբերյալ գյուղնախարարը տեղեկացրել է, որ հանրապետություն է ներկրվել 2560կգ Բրոդիֆակում տեսակի գերմանական արտադրության դեղամիջոց, որից 1330կգ արդեն տրամադրվել է հողօգտագործողներին: