Իրանցի փորձագետ. Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջիկայում ևս լուրջ խնդիրներ կառաջանան
«Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջիկայում ևս լուրջ խնդիրներ կառաջանան»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իր» կայքի փոխանցմամբ՝ նշել է իրանցի փորձագետ Ալի Հեյդարին:
Իրանցի փորձագետն, անդրադառնալով պատժամիջոցների վերացումից հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին, կարծիք է հայտնել, որ թեև պատժամիջոցների վերացումից հետո որոշ ոլորտներում երկկողմ տնտեսական համագործակցությունը կընդլայնվի, սակայն առկա են մի շարք խնդիրներ, որոնց առկայության պայմաններում երկու երկրները կկանգնեն լուրջ մարտահրավերների առաջ:
Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրներին՝ Ալի Հեյդարին հավելել է. «Իրանի հեռուստատեսությամբ ցուցադրված «Ֆիթիլե» ծրագրի հեռարձակումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվական հարձակում գործեցին Իրանի վրա, բացի այդ՝ Նարդարանում տեղի ունեցած զինված բախումն ու այդ համատեքստում Ադրբեջանի վախը շիայականության տարածումից, Իրանի կողմից Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգալ» հանքավայրում ուսումնասիրությունների կատարումը, որի նկատմամբ Ադրբեջանը բացահայտ հավակնություններ ունի, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները, Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցն ու այլ գործոններ խնդիրներ կառաջացնեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում»:
Հիշեցնենք, որ օրերս Թավրիզի արվեստի համալսարանի գորգագործության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ Ալի Վենդ Շայարին Արևելյան Ատրպատականի գորգագործության արվեստի աջակցման շտաբում տեղի ունեցած նիստում, անդրադառնալով իրանական արվեստի նմուշներն օտարների կողմից յուրացնելու փորձերին, նշել էր, որ Ադրբեջանը գիրք է հրատարակել, որտեղ իրանական ձեռագործ գորգը ներկայացվում է որպես ադրբեջանական:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին»:
2015թ. նոյեմբերին Ադրբեջանական Հանրապետությունը «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսի ժամանակ պատկերազարդ գիրք էր ցուցադրել, որտեղ իրանական մանրանկարչության արվեստի նմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական:
Ավելի վաղ Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան