Խորհրդակցություն ՀՅԴ-ում՝ իշխանության հետ հնարավոր համագործակցության հետ կապված
Այսօր «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել ենէին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՅԴ ԳՄ մամուլի դիվանից:
Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձել է սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը: Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն է հայտնել վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսել իշխանության հետ հնարավոր համագործակցության սպասելիքների և ձևաչափերի մասին:
Ներկա հանգրվանում Հրանտ Մարգարյանն իբրև քաղաքական ձեռքբերում է որակել նոր Սահմանադրության ընդունումը, ուր իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման մոդելի և մի շարք կարևորագույն քաղաքական խնդիրների շուրջ:
Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարևորել է ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով: Խորհրդակցության ընթացքում հատկապես ընդգծվել են ներկուսակցության խնդիրները` կուսակցության ընդլայնումն ու կազմակերպվածությունը դիտելով որպես ամենօրյա արդյունավետ աշխատանքի նախապայման:
Խորհրդակցությանը հաջորդող հարցուպատասխանի ընթացքում արծարծվել և պարզաբանումներ են տրվել իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության և ձևաչափի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական և ներկուսակցական օրակարգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին