Հայաստանում անպտղության ցուցանիշը կրկնակի նվազել է. Ռազմիկ Աբրահամյան
Թեև վերջին տարիներին Հայաստանում կրկնակի նվազել է մայրական, նորածնային մահացությունների թիվը, չբերության ցուցանիշները, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Խնդիրներից մասնագետն առանձնացրեց ներարգանդային ինֆեկցիաները, կրելախախտը, վաղաժամ ծննդաբերությունները՝ հավելելով, որ այսօր Երևանում կազմակերպված գիտաժողովը նվիրված է կարևոր հարցի` հղիության կրելախախտին, նրա կանխարգելմանը և միջոցառումների ձեռնարկմանը:
«Դրա համար հրավիրել ենք ՌԴ այդ ոլորտի առաջատար մասնագետին՝ Վիկտոր Ռադզինսկուն, որը մեր մանկաբարձ-գինեկոլոգներին և ախտորոշման մասնագետներին կներկայացնի այդ խնդրին առնչվող արդիական մոտեցումները»,- ընդգծեց Ռազմիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով վաղաժամ ծննդաբերություններին՝ մանկաբարձ-գինեկոլոգը հայտնեց, որ Հայաստանում այդ ցուցանիշները հասնում են 11%-ի: Ըստ նրա՝ շատ բարձր չէ, բայց ցածր էլ չէ, քանի որ, եթե վաղաժամ ծննդաբերություն է, ապա նորածնի խնամքի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:
«Ինչքան նվազի վաղաժամ ծննդաբերության կամ կրելախախտի ցուցանիշը, այնքան առողջ նորածիններ կունենանք»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց նաև, որ հանրապետությունում նվազել են արհեստական հղիության ընդհատումները: Եթե մի քանի տարի առաջ տարեկան գրանցվում էր հղիության շուրջ 30 000 ընդհատում, ապա անցյալ տարի եղել է ընդամենը 7000:
«Կրկնակի նվազել է նաև անպտղության ցուցանիշը: Նախկինում հղիության ընդհատումը կատարվում էր ոչ հիվանդանոցային պայմաններում, ինչը հանգեցնում էր անպտղության»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը՝ հավելելով, որ անպտղությունը 2000 թվականին կազմել է 30% , որից առաջնային անպտղությունը կազմել է 4%, երկրորդայինը՝ 26%, իսկ 2014-2015 թթ.-ին նվազել է՝ հասնելով 14,6 %-ի: Սա նշանակում է, որ անպտղության ցուցանիշը կրկնակի նվազել է:
Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վիկտոր Ռադզինսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին տարվա ընթացքում աշխարհն այլ ձևով է սկսել ապրել, քանի որ մայրական մահացությունը երկրի պատմության մեջ 300 հազարից պակաս է դարձել:
«Մինչ այդ տարեկան 600 հազար կանայք մահանում էին հղիության, մայրության և այլ պատճառներով: Այս սարսափելի ցուցանիշը բոլոր կազմակերպությունները փորձում էին նվազեցնել 1970-ականներից, սակայն հաջողվեց միայն վերջին տասնամյակում»,-նշեց Վիկտոր Ռադզինսկին:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի հետ և ՀՀ առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ կազմակերպվել է «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» գիտագործնական միջազգային գիտաժողովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա