Ի՞նչ բուժզննման են ենթարկվում Հայաստան եկողները. Պարզաբանում է ԱՆ-ն
Օդանավակայանում, սահմանային անցակետերում Հայաստան ժամանողների բուժզննում անցնելու մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Վահե Հակոբյանը:
-Հաշվի առնելով հանրապետությունում գրիպի տարածվածությունը՝ օդանավակայանում, սահմանային անցակետերում Հայաստան եկողները որևէ բժշկական զննման ենթարկվո՞ւմ են:
-Պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը՝ կապված էբոլա վիրուսով հարուցված հիվանդության, Մերձարևադարձային շնչառական համախտանիշի (MERS-CoV) և պոլիոմիելիտ` հարուցված վայրի պոլիովիրուսով հիվանդությունների հետ: Վերջինիս ընթացքում իրականացվում են հանրապետություն ժամանող ուղևորների ջերմաչափում հեռաչափիչ ջերմացույցներով (ճշտությունը՝ ±5%), բժշկական զննություն, հարցում: Անհրաժեշտության դեպքում, կազմակերպվում են կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումներ:
Համաձայն միջազգային և ՀՀ սանիտարական օրենսդրության, սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդություններով հիվանդացության բարձրացման ժամանակ հանրապետություն ժամանող ուղևորների նկատմամբ կանխարգելիչ, բժշկական, սահմանափակող միջոցառումների իրականացում չի նախատեսվում:
-Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, քանի հիվանդ մարդ է գրանցվել դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը:
2015 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր ՀՀ պետական սահմանի անցման կետերում հանրապետություն ժամանող անձանց շրջանում հայտնաբերվել են մարմնի ջերմաստիճանի բարձրացման եզակի դեպքեր: Միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնող հիվանդությունների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել:
-Եթե պարզվում է, որ Հայաստան եկող անձը հիվանդ է, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում:
-Հիվանդության ախտանշաններով անձ հայտնաբերելիս այդ մասին անհապաղ տեղեկացվում է բնակության վայրի պոլիկլինիկական ծառայություն: Վերջինիս կողմից կազմակերպվում է բուժսպասարկումը:
(Լուսանկարը՝ ինտերնետից, բոլորովին այլ օդանավակայանի)