«Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում. ԱՆ
Հանրային առողջապահության ոլորտում նոր առաջացող հիմնախնդիր է Զիկա տենդը, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Զիկա տենդի հարուցիչը ֆլավիվիրուս է, փոխանցողը՝ Aedes aegypti ցեղի մոծակները (Հայաստանում չի հայտնաբերվել):
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով:
«Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այդ տեսակի մոծակ Հայաստանում չկա: Հիվանդության այս տեսակը մարդուց մարդուն չի անցնում, այլ տարածվում է մոծակի միջոցով: Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման և հանրությանը ներկայացման ուղղությամբ:
Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Ախտորոշում
Զիկա տենդի ախտանշանները նման են դենգե և չիկունգունյա տենդերին և նրանք փոխանցվում են նույն ցեղի մոծակներով: Եթե հիվանդը նշում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուղևորություն Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներ՝ հնարավոր է նրա Զիկա տենդով վարակվելը:
Բուժումը և կանխարգելումը
Կանխարգելում պատվաստանյութով կամ մասնահատուկ դեղորայքային բուժում դեռ չի հայտնաբերվել: Բուժումն ախտանշանային է: Ցուցված է.
- Հանգիստ կենսակերպ,
- Մեծ քանակությամբ հեղուկներ՝ ջրազրկման կանխարգելման համար,
- Ացետամինոֆենի կամ պարացետամոլի օգտագործում՝ տենդի և ցավերի բուժման համար
- Արգելվում է ասպիրինի կամ այլ ոչ-ստերոիդ հակաբորբոքային դեղորայքի օգտագործումը՝ իբուպրոֆեն, նապրոքսեն:
Հղի կանայք կարող են վարակվել Զիկա վիրուսով հղիության բոլոր եռամսյակներում: Չկան տեղեկություններ հղիների ավելի զգայուն լինելու վերաբերյալ, կամ հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին: Մորից-պտղին փոխանցման դեպքերը գրանցվում են հղիության ամբողջ ընթացքում: Չնայած այն հանգամանքին, որ մահացած պտղի հյուսվածքներում հայտնաբերվում է Զիկա վիրուսը, ապացուցված չէ, որ դա է մահվան պատճառը: Զիկա վիրուսի առկայությունն արձանագրվել է միկրոցեֆալիայով երեխաների մոտ: Բրազիլիայում ընթացիկ բռնկման ընթացքում գրանցվել է միկրոցեֆալիայով ծնված երեխաների թվի աճ: Հետազոտությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ռիսկի այլ գործոններ՝ վարակիչ հիվանդություններ, սնուցում, արտաքին միջավայրի գործոններ:
Կանխարգելումը
Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել պերմետրինով մշակված երկարաթև հագուստ, երկրում գրանցված միջատավանիչ նյութերից որևէ մեկը:
• Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար, ներառյալ հղի և կերակրող կանանց:
• Միջատավանիչ նյութերը կարող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների:
• Եթե օգտագործվում են արևից պաշտպանության և միջատավանիչ նյութեր, սկզբից մաշկի վրա տարածում են արևապաշտպան նյութը, հետո միայն՝ միջատավանիչ նյութը
• Միջատավանիչ նյութերը չեն տարածվում ծածկված մաշկի վրա՝ զգեստի տակ
• Կիրառելի է այն հագուստը, որը մշակվել է պերմետրինով
• Անհրաժեշտ է խստագույնս հետևել նյութերն ուղեկցող հրահանգին
• Շենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից
• Չի կարելի պահպանել ջուրը բաց կուտակիչների մեջ:
Եթե հղի կանայք նշում են 2 շաբաթվա ընթացքում ուղևորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, նշում են նաև Զիկա տենդի 2 և ավելի ախտանշան, անհրաժեշտ է նրանց հետազոտել գործիքային մեթոդով՝ մշտադիտարկելու պտղի աճը, միկրոցեֆալիայի և կալցիֆիկատների առկայությունը ուղեղի հյուսվածքում:
Հղիների պատվաստման կամ մասնահատուկ բուժման բացակայության պատճառով բոլոր նրանք, ովքեր հիվանդության պատմության մեջ նշում են ուղևորություն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա, հղիության ընթացքում ենթակա են նաև վարակաբանի հսկողության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան