Արևային գործարաններում ստացված քաղցրավենիքը դրսի շուկայում կարելի է վաճառել ավելի թանկ. Վ. Համազասպյան
Ռուսաստանի և Բելառուսի շուկաներում կա չրերի մեծ պահանջարկ, որը կարող է լրացվել Հայաստանի կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման նկատառում արեց «Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը՝ նշելով, որ այդ պահանջարկն առաջացել է թուրքերի՝ այդ շուկաներից դուրս գալուց հետո:
«Հելիոֆիկացիայի մեր ծրագիրը թույլ կտա մշակել գյուղամթերքն արևային գործարաններում: Մենք ունենք նախագիծ, որով Հայաստանի և Արցախի գյուղերում կարող ենք ստեղծել արևային գործարաններ»,-ասաց Վ. Համազասպյանը:
Ըստ նրա՝ այդ նախագծով կարելի է ստեղծել 500 գործարան, որոնք ամռանը կծառայեն գյուղամթերքների մշակման համար, իսկ ձմռանը` դպրոցների, մանկապարտեզների ջեռուցման: Նման գործարանի արժեքը կարող է կազմել 500 հազար դոլարից 1 մլն դոլար՝ կախված գործարանի չափերից:
«Արևային գործարանում կարելի է ստանալ արևային քաղցրավենիք, չրեր, պահածոներ, ինչպես նաև հյութեր, որոնք կարելի է դրսի շուկայում վաճառել ավելի թանկ»,-ասաց «Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակը:
Հանդիպմանը ներկա տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Հունանյանը հայտնեց, որ արևային մշակում անցած այն ապրանքներից շատերը ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների, նաև մրցանակներ են շահել:
«Հայաստանում գյուտարարները խնդրում են, որ իրենց ստեղծածին ուշադրություն դարձնեն, իսկ աշխարհում հակառակն է»,-ասաց Ռուդոլֆ Հունանյանը:
Վահան Համազասպյանը նաև նշեց, որ արևային էներգիան օգտագործելու ծրագրերով շատ անգամ են դիմել կառավարությանը, բայց մնացել են անարձագանք, այժմ դիմել են նաև ՀՀ-ում Իրանի դեսպանատուն:
Հարակից հրապարակումներ`
- Հելիոֆիկացման ծրագիրը տնտեսապես հարմար է Հայաստանին. Համազասպյան
- 25 տարվա ընթացքում հայկական գիտությունում որևէ ներդրում չի կատարվել. Վահան Համազասպյան