Հայաստանում բարձր է ինքնաբերաբար վիժումների թիվը. Մասնագետ
Երևանում այսօր մեկնարկեց «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» գիտագործնական միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանում ինքնաբերաբար վիժումներով պայմանավորված հղիությունների ընդհատումների առկա իրավիճակի վերլուծությանը, ախտորոշման և բուժման բարելավման նպատակով ուղեցույցների մշակմանը:
Գիտաժողովին մասնակցում են Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Թոխունցը, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Ռուսաստանի Դաշնության մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Վիկտոր Ռադզինսկին, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգներ, ուլտրաձայնային հետազոտության և լաբորատոր բժիշկներ:
Կարինե Թոխունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծննդօգնության և վերարտադրողական առողջության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում. «Այս կոնֆերանսը կազմակերպվել է ի կատար առողջապահության նախարարի հանձնարարականի` նվազեցնել ինքնաբերաբար վիժումների քանակը»:
Նրա խոսքերով՝ Հայաստանում բարձր է ինքնաբերաբար վիժումների թիվը և տարեկան հասնում է շուրջ 3.5 հազարի. «Դա դեռ ամբողջական թիվը չէ, քանի որ շատ վիժումներ պարզապես չեն գրանցվում, կանայք չեն դիմում բժիշկի: Առողջապահության նախարարի հանձնարարականով կազմակերպեցինք այս գիտաժողովը, որպեսզի կարողանանք բժիշկներին սովորեցնել, թե ինչպես անեն, որ հնարավորինս նվազեցնենք այդ թիվը»:
Ըստ Կարինե Թոխունցի՝ մանկաբարձությունում որոշումները մեծապես պայմանավորված են գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, և այդպիսով խնդիր ունեն մշակելու միասնական գործելակերպ:
Այդ նպատակով, ըստ Կարինե Թոխունցի, գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ուլտրաձայնային հետազոտության գործնական դասընթաց՝ բժիշկների հմտությունները կատարելագործելու և Հայաստանի առողջապահության համակարգում եվրոպական մեթոդաբանության վրա հիմնված ուլտրաձայնային հետազոտությունների ներդրման նպատակով:
Ճանաչված գիտնական Վիկտոր Ռադզինսկին, որը մի ամբողջ գիտական դպրոցի հիմնադիր է, այսօր իր փորձով կկիսվի մեր բժիշկների հետ:
Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի հետ համատեղ ՀՀ Առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա