Եթե Իրանը ներգրավվի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, հնարավոր է ավելի սրվի իրավիճակը. Նավասարդյան
Տարածաշրջանում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում կապված Իրանի՝ պատժամիջոցներից ազատվելու հետ, որը մեծ հնարավորություն է բացում Երևանի համար, ամեն կերպ պետք է կարողանալ օգուտներ քաղել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
Սակայն նա առավել կարևորեց օրեր առաջ Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ Իրանը կարող է միջնորդի դեր ստանձել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում. «Հետաքրքիր է, բայց այնքան էլ նոր հայտ չէ»:
Ա. Նավասարդյանն հարցադրում արեց. «Լա՞վ է Հայաստանի համար, թե՞ վատ, որ Իրանի նման բարեկամ երկիրը պատրաստակամություն է հայտնում հանդես գալ միջնորդի դերում»:
Ըստ նրա, բացասական կողմերն ավելի շատ են, քան դրական. «Թեհրանը չի բարձրաձայնում, թե ինչ ֆորմատով է ուզում մասնակցել: Եթե հայտարարի, որ կմիանա ԵԱՀԿ Մինսկի խմբին, կարելի է ողջունել, քանի որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բացի Մինսկի խմբի ձևաչափից չեն ընդունում այլ ձևաչափեր: Իրանն ուզում է հանդես գալ առանձին: Սա այնքան էլ լավ չէ: Նրանք, մի շարք հանգամանքներից ելնելով, չեն կարող հարցի լուծման գործում որոշակի դեր կատարել, ընդհակառակը, հնարավոր է ավելի սրվի իրավիճակը: Թուրքիայի համար վարդագույն երազանք է մտնել գործընթացի մեջ ի նպաստ Ադրբեջանի: Եթե Իրանը մտնի գործընթացի մեջ, Թուրքիան ավելի նոր թափով ու պահանջով հանդես կգա»:
Ա.Նավասարդյանի խոսքով, հայկական կողմից պաշտոնական որևէ ռեակցիա չկա, հավանաբար, ուսումնասիրում են, վերլուծում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Իրանն ուզում ղարաբաղյան հիմնախնդրի հարցում որպես միջնորդ հանդես գալ, դիվանագետն ասաց. «Իրանը ցանկանում է տարածաշրջանում դառնալ համար մեկ խաղացողը, գերտերություն դառնալու նկրտումներ ունի: Այսօրվա իրադրությունից օգտվելով՝ փորձում է վճռական ձայն ունենալ տարածաշրջանում: Իրանն անձնական, եսակենտրոն շահեր ունի, կգործի իր շահերից ելնելով»: