Ռամզան Կադիրովի տեսանյութում Միխաիլ Կասյանովը «նշանառության տակ» է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմության առաջնորդ Միխաիլ Կասյանովին մեղադրել է ընդդիմության համար գումարներ ստանալու նպատակով Եվրոպա կատարած հատուկ այցի մեջ: Ինչպես հաղորդում է «Topnews.ru» կայքը:
Ռամզան Կադիրովի «Instagram»-ի էջում զետեղվել է հատուկ տեսանյութ, որտեղ «Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխաիլ Կասյանովը և ռուսաստանցի ընդդիմադիր հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան տեսագրված են դիպուկահարի հրացանի օպտիկական նշանառության սարքի միջոցով:
«Instagram»-ի իր էջում տեսանյութին կից Կադիրովը նաև երկտող է հրապարակել, որում ասվում է. «Կասյանովը ժամանել է Ստրասբուրգ ռուսաստանյան ընդդիմության համար փողերի հետևից: Ով չի հասկացել, նա կհասկանա»:
Նշենք, որ այս տեսագրության բնօրինակը համացանցում է հայտնվել հունվարի 26-ին: Այն հրապարակած «Lifenews» հեռուստաալիքի լրագրողների պնդմամբ, տեսագրությունն իրականացվել է Ստրասբուրգում, որտեղ Կասյանովը ժամանել է իբր ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Այնտեղ նաև, աղբյուրի տեղեկություններով, հանդիպել է ԵՄ լիբերալների և ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչների հետ: Սույն քաղաքական ուժը իր մեծությամբ երրորդ քաղաքական միավորումն է ԵՄ-ում:
Նշենք, որ «Instagram»-ի օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել Չեչնիայի ղեկավարի հաղորդագրությունը: Մի մասը կարծում է, որ նա «ճիշտ» է՝ նրան համարելով «Ռուսաստանի հայրենասեր», իսկ մյուսները՝ հակառակը, կարծում են, որ Չեչնիայի ղեկավարի էջում նման տեսագրության զետեղումը անթույլատրելի է:
Նշենք, որ սա Ռամզան Կադիրովի՝ ՌԴ ոչ համակարգային ընդդիմության դեմ առաջին հրապարակումը չէ: Դեռևս հունվարի 12-ին Ռամզան Կադիրովը նրանց անվանել է «ազգի դավաճաններ» դրանով իսկ առաջացնելով հասարակության վրդովմունքը: Այնուհանդերձ մի շարք չեչեն պաշտոնյաներ և ՌԴ մշակութային գործիչներ հանդես են եկել Ռամզան Կադիրովի պաշտպանությամբ, դրան զուգահեռ Չեչնիայի մայրաքաղաքում անցկացվեց Կադիրովի աջակիցների բազմահազարանոց հանրահավաք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում