Պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում. Խիդաշելի
Աշխարհաքաղաքական ներկայիս դժվար իրավիճակի հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցությունը դարձել է ոչ միայն արդիական, այլ նաև հրամայական: Այս մասին նշել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ: Տեղեկացնում են կառավարության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համագործակցության զարգացումը նաև պաշտպանական ոլորտում, ինչը կամրապնդի ինչպես երկու բարեկամ պետությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգությունը:
Տիկին Խիդաշելին էլ նշել է, որ պաշտպանական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի փոխգործակցությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը և խաղաղության ապահովումը: