Շարմազանովի հորդորը` Արմեն Ռուստամյանին
«Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել, որովհետև այդ պարագայում օբյեկտիվ չեն կարող լինել», -այսօր Ազգային ժողովում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք` այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Ռուստամյանը հայտարարել էր, որ իշխանությունները հեղինակազրկված են և եթե իրենց` իշխանության կողքին կանգնելը ենթադրում է վարկանիշի անկում:
Շարմազանովն ասաց, որ Ռուստամյանին նրա ոճով չի պատասխանի ու հավելեց. «Հանրապետականը ունի վարկանիշ, ունի անելիք, և Հանրապետականը պատրաստ է համագործակցության հանուն Հայաստանի Հանրապետության ավելի վառ ապագայի: Հեղինակությունը բարոյահոգեբանական, սոցիալ-հոգեբանական երևույթ է: Այդ իմաստով ես կարծում եմ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք կառավարությունում ընդգրկվելու դեպքում հնարավոր է էլ ավելի արդյունավետ կառավարեն` անկախ նրանից, թե նրանք որ կուսակցության ներկայացուցիչներ են: Ճիշտ է Հայաստանում կան շատ կարող ուժեր: Բայց այն, որ Հայաստանում ամենաազդեցիկ ուժը Հանրապետական կուսակցությունն է, սա փաստ է»: