Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը Էթիկայի հանձնաժողովն ընդունել է վարույթ
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր նիստում վարույթ է ընդունել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ներկայացված դիմումը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով»:
Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ գրառման տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Փետրվարի 11-ին կայանալիք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամները կլսեն Շուշան Պետրոսյանի և դիմող կողմի բացատրությունները: Այս հարցով զեկուցող է նշանակվել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը հանձնաժողովը նույնպես կքննարկի հաջորդ նիստում: Լրագրողը, հիշեցնենք, դիմել էր պատգամավորների կրկնակի քվեարկությունների հարցով: Այս հարցով էլ զեկուցող է նշանակվել Թևան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան հանգիստ թողնեք ինձ, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա. Շուշան Պետրոսյան
- Շուշան Պետրոսյանի հարցը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա