Մասնագիտացված ոլորտների թարգմանիչների կարիք կա. Գործատուների առաջարկները բուհերին
Շատ կարևոր է լսել հասկանալ, ինչ է ուզում և ակնկալում գործատուն: Այսօր ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի, Շրջանավարտների միավորման և անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի կազմակերպած «Բուհ-գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԵԼՊՀ անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը:
Նա ընդգծեց, որ այսօրվա միջոցառման նպատակն է հնարավորինս մերձեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին և համապատասխանեցնել դրանք որակավորումների ազգային շրջանակի պահանջներին, ինչպես նաև նպաստել երիտասարդ մասնագետների ներգրավմանը տեղական և միջազգային աշխատաշուկայում:
«Տարիների ընթացքում երիտասարդների հետաքրքրությունը զգալիորեն աճում է թարգմանություն մասնագիտության նկատմամբ, քանի որ միջմշակութային հաղորդակցության դաշտը գնալով մեծանում է և ոչ միայն անգլերեն լեզվով: Այս հանդիպումով փորձում ենք լրացնել կրթական հաստատությունների և գործատուի միջև եղած բացը, հասկանալու թե ինչ պահանջներ ունի գործատուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստինե Սողիկյանը:
Նշենք, որ սա նման ձևաչափով երկրորդ քննարկում է ԵՊԼՀ-ում, որը տեղի էր ունենում ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:
ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի համակարգող Լևոն Բաբամյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման հանդիպում-քննարկում մինչ այս տեղի է ունեցել Էկոնոմիակայի նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր պատասխանատու են տուրիզմի ոլորտի զարգացման գործընթացների համար:
«Այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու: Սա բուհ-գործատու համագործակցության լավագույն օրինակ է: Սա շրջանավարտին հնարավորություն է ընձեռնում ավելի հեշտ ներթափանցել աշխատաշուկա»,-նկատեց ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի համակարգողը:
Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանի խոսքով էլ, այս հանդիպումից ակնկալում է բուհի հետ միասին լրացնել այն բացերը, որոնք կան կրթական ծրագրերում և աշխատաշուկայում գործատուների ծրագրերի միջև, գտնել համագործակցության ուղիներ և արդյունքում ավելի պատրաստաված թարգմանիչներ ունենալ:
«Հիմնականում բուհի հետ համագործակցել ենք արտադրական պրակտիկայի շրջանակներում: Կրթական ծրագրերն այսօր ավելի շատ հագեցած են տեսական գիտելիքներով, սակայն գործնական, պրակտիկ աշխատանքներ անելու խնդիր կա»,-նկատեց Լ. Աբովյանը:
Ըստ նրա այսօր բուհերի թողարկած թարգմանիչները գեղարվեստական թարգմանության ոլորտում են մասնագիտանում, մինչդեռ մասնագիտացված ոլորտների թարգմանիչների կարիք կա. «Այդ մասով կաղում են մեր շրջանավարտները: Լավ կլինի, որպեսզի մի քանի առանցքային ոլորտ վերցվի, ինչպիսիք են օրինակ իրավական, ֆինանսատնտեսագիտական, և դրանցում ավելի խորը մասնագիտացված գիտելիքներ դասավանդվի»:
Նա հավելեց, որ այս հանդիպմանն ունեն կոնկրետ առաջարկներ, անդրադառնալու են բացերին և խնդիրներին, որոնք նկատում են թե արտադրական պրակտիկայի ընթացքում, թե սկսնակ թարգմանիչների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում