«Դասադուլի մասին խոսք լինել չի կարող»
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում լիարժեք դասապրոցես է, նորմալ ընթանում են դասերը, նույնիսկ ավելի լավ, քան սպասվում էր դասապրոցեսի վերսկսման առաջին օրը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց քոլեջի դասախոսներից մեկը:
«Ուսումնարանի կյանքը բնականոն հունով ընթանում է»,- հավելեց նա:
Նշենք, որ քոլեջի ուսանողությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն այսօրվանից հայտարարում են դասադուլ` մինչև իրենց պահանջի բավարարումը: Իսկ ուսանողների պահանջը հետևյալն էր՝ աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում:
Դասախոսն ասաց, որ իրենց համար նույնպես անակնկալ է եղել, որ տնօերնն ազատվել է աշխատանքից:
Ուսանողները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչ այդ հունվարի 18-ին դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում. «Նախարարություն ներկայացրած մեր դիմումի (այն ստորագրել է քոլեջի ուսանողության գերակշիռ մասը) պատասխանը դեռևս չենք ստացել և որոշել ենք դիմել դասադուլի` ինչպես նշել ենք նախարարին հղված մեր դիմումում, որում և հիմնավորել ենք, թե ինչով է պայմանավորված մեր այս ցանկությունը, և թե ինչու է այն բխում միմիայն և բացառապես քոլեջի ուսանողության, այսինքն` մեր իսկ շահերից»:
ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնգիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ տնօրենն ազատվել է աշխատանքից նախարարի հրամանով, իսկ հրամանի համար հիմք է ծառայել օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
«Նախարարության ներքին աուդիտի ուսումնասիրությունների ընթացքում քոլեջում հայտնաբերվել է տարբեր բնույթի խախտումներ, բացթողումներ և թերություններ»,- ասաց նա:
Ա.Արշակյանը տեղեկացրեց, որ նախարարությունը պատասխանել է ուսանողների դիմումին, պատասխանը շուտով կստանան, նաև հանդիպել են նրանց հետ, զրուցել, բացատրել իրավիճակը:
«Որևէ խնդիր չկա: Դասադուլի մասին խոսք լինել չի կարող, դասապրոցեսը քոլեջում նորմալ ընթանում է»,- ասաց ԿԳՆ պաշտոնյան:
Քոլեջում սահմանված ժամկետում պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Անահիտ Մազմանյանը: Կհայտարարվի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում