Ուոլթերի զեկույցը խնդիր ուներ ծրագրային լուծում տալ Ղարաբաղի հարցին. Հերմինե Նաղդալյան
ԵԽԽՎ նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը քաղաքական առումով շատ վտանգավոր զեկույց էր: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները:
Նրա խոսքով, և Ուոլթերը, և Սարսանգին վերաբերող զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչը ի սկզբանե ունեցել են հստակ դիրքորոշում` զեկույցը գրել առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու:
«Ադրբեջանը կորցրել է իր բոլոր հույսերը ունենալ ադրբեջանանպաստ ձևակերպումներ միջազգային ասպարեզում ու այս իրավիճակում նրանք փորձում են նախաձեռնել քայլեր, որը կարող է իրավիճակին փոփոխություն բերել: Եվ առաջին հարթակը ԵԽԽՎ-ն էր, որտեղ նրանք ունեն ստարտային տարբերություն` ունենալով համախոհների մեծ բանակ», -հավելեց Նաղդալյանը:
Պատգամավորի պնդմամբ, Ուոլթերի զեկույցը խնդիր ուներ «ընդհանրական և ծրագրային լուծում տալ Ղարաբաղի խնդրին» և որը կլիներ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ կամ այդ ձևաչափը մերժող:
«Ուոլթերի զեկույցը շատ վտանգավոր էր ու ամբողջական, համալիր լուծման փորձ էր կատարում Ադրբեջանի համար բարենպաստ բառապաշարի շրջանակներում», -լրացրեց Հերմինե Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական մյուս զեկույցին, որը վերաբերում էր Սարսանգի ջրամբարին, ապա Նաղդալյանի ներկայացմամբ, այս զեկույցի իրական բովանդակությունը քաղաքական է եղել և դրանում ամենևին էլ սոցիալական հարցեր բարձրացված չեն եղել:
«Մենք և մեր ելույթներում, և քննարկումներում բոլոր հնարավոր վայրերում մենք տանում ենք այն գիծը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման համար կա մեկ ձևաչափ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է: Մեր քաղաքականությունը եղել և մնում է այն, որ առաջարկել, նպաստել ու հասնել նրան, որ ԵԽԽՎ-ն բանակցության մեջ մտնի Արցախի խորհրդարանականների հետ», -հավելեց Հերմինե Նաղդալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին