Մեծ ընտանիքներում ապրողներն ավելի երջանիկ են զգում, քան փոքրերում. Հետազոտություն
Հայաստանում անցկացված հետազոտության համաձայն, իրենց շատ երջանիկ են համարում բնակիչների 25 տոկոսը: Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտությունից, հարցվածների 55.6%-ն իրենց բավական երջանիկ են համարում, 15.5%-ը՝ ոչ այնքան երջանիկ, իսկ 3.8%-ը բոլորովին երջանիկ չի:
Հետազոտության հեղինակները նշում են, որ երջանկության վերաբերյալ տվյալների համադրությունը այլ հարցերի հետ թույլ տվեց մի շարք հետաքրքիր օրինաչափություններ վեր հանել: Օրինակ, կանանց համեմատ տղամարդկանց ավելի մեծ տոկոսն է իրեն շատ երջանիկ համարում (29.9%), կանանց պարագայում՝ 22.6%:
Ըստ աղբյուրի, մեծ ընտանիքներում ապրող հարցվողներն իրենց ավելի երջանիկ են զգում, քան փոքր ընտանիքներում ապրողները, ամուսնացած (ինչպես պաշտոնապես ամուսնացած, այնպես էլ եկեղեցական արարողակարգով ամուսնացած) հարցվողները համեմատաբար ավելի երջանիկ են իրենց համարում:
«Երջանկության մակարդակն ամենացածրն է ամուսնալուծված հարցվողների շրջանում։ Ավելի բարձր անձնական և ընտանեկան եկամուտ ունեցող հարցվողներն իրենց ավելի երջանիկ են համարում»,-ասված է հետազոտության մեջ:
Հեղինակները նշում են՝
որքան ավելի բարձր է կրթական մակարդակը, այնքան ավելի երջանիկ են իրենց համարում հարցվողները,
որքան ավելի բարձր է աշխատանքային կարգավիճակը, այնքան ավելի երջանիկ են իրենց համարում հարցվողները,
որքան ավելի հաջողակ են մարդիկ իրենց համարում, այնքան նրանք ավելի երջանիկ են, ավելի երջանիկ են նրանք, ովքեր հաջողության հասնելու գործում կարևորում են ազնվությունը, ճարպկությունը, ծննդավայրը,
ավելի երջանիկ են նրանք, ովքեր հաջողության հասնելու գործում կարևորել են իրենց սեռը,
ավանդական գենդերային դիրքորոշումներ ունեցող հարցվողները ավելի երջանիկ են իրենց զգում,
պակաս երջանիկ են նրանք, ովքեր կարևորում են ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու հարուստ լինելը և քաղաքականության մեջ ակտիվ ներգրավված լինելը,
ավելի երջանիկ են նրանք, ովքեր համարում են, որ ՀՀ-ում պաշտպանված են կանանց և տղամարդկանց իրավունքներ:
Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում։ Ընտրանքային համախմբության ծավալը կազմել է 2134 միավոր։ Ընտրանքի սահմանային սխալը կազմել է 3%, վստահելիության միջակայքը՝ 0.95: Կիրառվել է բազմաստիճան կլաստերային շերտավորված ընտրանքի սկզբունքը: