Հասան Ռոհանի. Իրանը պատժամիջոցների վերացումից հետո հայացքը չի ուղղելու միայն Արևմուտքի կողմը
«Իրանը պատժամիջոցների վերացումից հետո հայացքը չի ուղղելու միայն Արևմուտքի կողմը»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, անդրադառնալով պատժամիջոցների վերացումից հետո Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, մասնավորապես ասել է. «Մենք չենք ցանկանում, հայացքն ուղղելով Արևմուտքի կողմը, ասել թե, այժմ շարժվում ենք Եվրոպայի ուղղությամբ: Մենք պետք է օգտվենք բոլոր երկրներից, Ասիայի հետ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են: Չինաստանի նախագահի՝ Իրան կատարած այցի շրջանակներում մենք առաջիկա 25 տարվա համար երկարաժամկետ գործողությունների մասին պայմանագիր ստորագրեցինք, Ռուսաստանի նախագահի այցի ընթացքում ևս կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին»:
Հասան Ռոհանին, ընդգծելով տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, հավելել է. «Մեր նպատակն այն չէ, որ նավթի, գազի, պողպատի, նավթաքիմիական արդյունաբերության և ավտոարտադրության ոլորտը զարգացնելու համար նավթից ստացված գումարները ծախսենք: Մեր հիմնական նպատակն այն է, որպեսզի արտաքին ներդրողը գա և համատեղ գործունեություն ծավալենք»:
Անդրադառնալով նավթի գների նվազման խնդրին՝ Իրանի նախագահը նշել է. «Նավթի գների նվազումը մեզ համար որոշ խնդիրներ ստեղծեց, սակայն մենք քայլ առ քայլ նավթից ունեցած մեր կախվածությունը նվազեցնում ենք, և նոր բյուջեի կախվածությունը նավթից 25 տոկոս է: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն մշակենք, որ եթե նավթի գինը կտրուկ բարձրանա, ապա այդ դեպքում ևս բյուջեն կախված չլինի նավթից»:
Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խնդրին՝ Իրանը նախագահը նշել է. «Եթե 1 մլրդ. 400 մլն. բնակչություն ունեցող Չինաստանն ու 1 մլրդ. 200 մլն. բնակչություն ունեցող Հնդկաստանը կարողացել են կարգավորել աշխատատեղերի խնդիրը, ապա մենք, որ 80 միլիոն ենք, ինչու չպետք է կարողանանք խնդիրը լուծել: Մենք պետք է կարողանանք արտաքին ներդրողներին գրավել, որպեսզի գան ներդրումներ կատարեն երկրում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում