Թուրքիան Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին ներկայացնում է իբրև քաղկեդոնական. Կոչ-ստորագրահավաք
Գյումրիի Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը մտահոգություն է հայտնել Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ, change.org-ում ստորագրահավաք է սկսել՝ այդպես պայքարելով կեղծիքի դեմ և ներկայացնելով իրականությունը:
«Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ ուղղված Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և համայն աշխարհային մտավորականությանը Թուրքայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում հարեւան տարածաշրջանի երկրների մշակույթի և ժողովուրդների բարեկամության մեջ: Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:
Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:
Մենք պահանջում ենք ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից.
- զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից
- եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել «հայկական քրիստոնեական եկեղեցի» անվանումը
- ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շիրանարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները
- զերծ մնալ Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից
Խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որը եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական:
Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»,- նշված է թանգարանի հայտարարության մեջ:
Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ըստ շինարարական արձանագրության կառուցվել է 1215թ., մեծահարուստ Տիգրան Հոնենցի միջոցներով:
Այն գտնվում է Ախուրյան գետի կիրճի լանջին: Եկեղեցին պատկանում է մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ տիպին, ունի շքեղ հարդարված արտաքին ճակատներ և ավարտվում է վերձիգ բազմանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Չափազանց հարուստ է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարդարանքով: Նրբահյուս զարդամոտիվներ կրող դեկորատիվ սյունակամարները պարուրում են ինչպես եկեղեցու ճակատները, այնպես էլ բարձրաձիգ գմբեթը: Իսկ ներսից գավիթն ու աղոթասրահը ամբողջովին պատված են բարձրարվեստ որմնանկարներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում ս. Գրիգոր Լուսավորչի կյանքի կարևորագույն դրվագները ներկայացնող պատկերաշարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան