Հայրենիքը սփյուռքից ներդրումներ է ակնկալում, ոչ թե բարեգործություն. նախարար
Սփյուռքը պետք է տեսնի, որ հայրենիքն իրենից բարեգործություն չի ակնկալում, այլ ներդրումներ: Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Եվրոպական միության պատվիրակության, Սփյուռքի նախարարության և «Առաքելություն արևելք» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն՝ ընդգծելով, որ եթե սփյուռքահայը հայրենիքում շահ ստանա, կշահի նաև հայրենիքը:
Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաժողովը հնարավորություն կընձեռնի տարբեր երկրների փորձը յուրացնել և Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդել, օգտագործել այն գաղափարները, որոնք դեռևս չկան մեր պետության քաղաքականության հիմքում:
«Այսօր 16-17 հազար սփյուռքահայ կա Հայաստանում, ովքեր արդեն բազմաթիվ կայացած բիզնեսներ ունեն հայրենիքում: Մենք օգնում ենք փոքր և միջին բիզնեսի կայացմանը, արդեն իսկ 1,5 մլն դոլար վարկ է հատկացվել՝ 4 տոկոսով: Հուրախություն մեզ՝ մեր հայրենակիցները կարողանում են հաստատվել, կայանալ՝ հատկապես սպասարկման և սննդարդյունաբերության ոլորտում»,-ասաց նախարարը:
Համաժողովին ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նկատեց. «Սփյուռքի դրամական փոխանցումները հաճախ օգտագործվում են սպառման մեջ և նյութական ներդրում տեղի չի ունենում: Նշանակալի է, որ այս ներդրումները , որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ 20 տոկոսը, նպաստելեն սոցիալ տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը»:
Իռլանդական Diaspora Matters ընկերության ղեկավար Քինգսլի Այքինսն էլ ներկայացրեց սփյուռքի ներգրավվածության Իռլանդայի գործընկերության ձևաչափը, որը թույլ է տալիս օգտագործել Սփյուռքի ներուժը բիզնեսի զարգացման, աշխատատեղերի ստեղծման, տեղական զարգացման և այլ ոլորտներում:
Կազմակերպված համաժողովի նպատակն էր քննարկվել սփյուռքի ներգրավման նորարարական մոտեցումները, սփյուռքի և միգրանտների՝ Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացման համար նրանց ներուժն օգտագործելը: Համաժողովին ներկա էին կառավարման և սփյուռքի հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ: