Քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը. Ա. Երիցյան
Հայաստանի և Իրանի համագործակցությունը բոլոր բնագավառներում խորացնելու նկատակ կա: Այս մասին նշել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ այսօր ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ժամանակ:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տարածքային կառավարման ոլորտում առանձին մարզերի և քաղաքների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով դեսպանը նախարար Երիցյանին խնդրել է ՏԿԱԻ նախարարության անունից հրավեր ուղարկել Իրանի Հանրապետության Իսպահանի, Հորմոզգանի, Գիլանի նահանգապետերին և Թեհրանի մարզպետին: Այցի նպատակն է խորացնել Իրանի և Հայաստանի մարզերի համագործակցությունը գյուղատնտեսության և հատկապես ձկնաբուծության ոլորտում:
Կարևորելով երկու երկրների միջև մերձեցումը նաև մարզային մակարդակով՝ նախարար Երիցյանը հանձնարարել է պատրաստել համապատասխան հրավերները՝ հավաստիացնելով դեսպանին, որ ՏԿԱԻ նախարարությունն իր գործառույթների ոլորտում կանի ամեն ինչ հայ-իրանական համագործակցությունը խորացնելու և որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու համար:
Նախարար Երիցյանը ներկայացրել է նաև ՏԿԱԻՆ-ի ծառայություններն ու գործառույթները՝ նախանշելով այն բնագավառները, որոնցում նախարարությունը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցության խորացմանը: Նախարարը ներկայացրել է նաև իր այցը Իրաքի Հանրապետություն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը: