Արփինե Հովհաննիսյանը Մարուքյանին հորդորեց թողնել հեգնանքը
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ուսումնասիրել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մեկամյա գործունեության մասին 19 էջից բաղկացած հաշվետվությունը և պարզել, որ «էական քայլեր» չեն կատարվել, փոխարենը 750 հազար դոլար գումար է ծախսվել:
«Որևէ էական բան չկա, հաշվետվության մեջ գրել են, որ էլեկտրոնային համակարգ է ներդրվել, բարեխղճության, բարեվարքության դասընթացներ են կազմակերպվել ուսուցիչների ու աշակերտների համար ու ծախսվել է 750 հազար դոլար է ստացել USAID-ից», -ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի դիտարկումներին արձագանքելով՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց հեգնանքով և թերհավատությամբ չխոսել հանձնաժողովի գործունեության մասին:
«Ռազմավարությունը նոր է սկսել քննարկվել, 2015-18 թվականների գործողությունների ծրագիրը նոր է հաստատվել ու այս պահին իրականում մենք բավականին լուրջ քայլեր ենք պատրաստվում իրականացնել», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այդ գործողությունների շրջանակում օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես պաշտոնատար անձանց պարտավորեցնելու են հայտարարագրերը ներկայացնել ճիշտ ու սխալ տվյալներ ցույց չտալ: Եթե որևէ պաշտոնյա չի ներկայացնում ճշգրիտ տվյալներ, հնարավոր է պատասխանատվության ենթարկվի:
Մարուքյանը շարունակեց և ասաց, որ ինքը հավատով լցված փորձել է գտնել կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող քայլերը, բայց չի գտել:
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակն ավարտվեց և նախարարը չհասցրեց խոսել նաև Մարուքյանի մատնանշած 750 հազար դոլարի մասին: Նիստից հետո Panorama.am-ին Արդարադատության նախարարը պարզաբանեց, որ մատնանշված գումարը կառավարությանը դեռ չի փոխանցվել և երբ փոխանցվի, ապա այն ուղղվելու է անկախ փորձագետների ներգրավմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան