Եթե ռուսական ռազմաբազան դուրս գա քաղաքից, Գյումրիում խայտառակ վիճակ կստեղծվի. Գյումրեցի պատգամավոր
Գյումրիի տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չի կարծում, թե Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազան գյումրեցիների համար պատուհաս է դարձել, բայց վստահ է, որ ռազմաբազայում վստահության հետ կապված խնդիր կա:
«Խմած, հարբած զինծառայողները վտանգ են ներկայացնում, իսկ դա ռուսական ռազմաբազայի ղեկավարության անհետևողականության արդյունքն է: Եթե իրենք որևէ քայլ չեն անում այդ ուղղությամբ, մեր իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Հարցին, թե այսինքն` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան պատուհաս է դարձել գյումրեցիների համար, պատգամավորը պատասխանեց. «Այնպես չէ, որ պատուհաս է դարձել, ուղղակի նման դեպքերը ավելորդ լարվածության առիթ են տալիս, և հիմա գյումրեցիները խառնվել են իրար, թե էլի ռուս զինծառայողը դռներ է թակել: Փառք Աստծո, այս դեպքում դատախազը ներկայացրել էր, որ վտանգներ չկան, և նա ուղղակի շենքն է շփոթել»:
Նրա խոսքով, «փաստ է, որ գյումրեցիների մոտ կա վախ», և ռուսական կողմը այս ամենից պետք է հետևություններ անի:
«Կա վստահության խնդիր, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ռուս զինծառայողը վախի տրամադրություն է առաջացնում», -հավելեց պատգամավորը:
Մյուս հարցին, թե արդյոք չպե՞տք է ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերվի, պատգամավորը պատասխանեց, որ դա միակ ճիշտ լուծումը չի լինի և որպես լուծում առաջարկեց գործուն մեխանիզմներ մշակել:
«Պետք է կարողանան ճիշտ գործիքներ գտնեն վերահսկողության համար, իսկ ռուսական ռազմաբազայի զինծառայողները Գյումրու համար օգուտ է ու վնաս չէ: Մի քանի հազար զինծառայող է, նրանց աշխատավարձը ծախսվում է Գյումրի քաղաքում: Եթե այդքանն էլ դուրս գան Գյումրի քաղաքից, խայտառակ վիճակ կլինի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան