Երբ փոխքաղաքապետը չգիտե «շռայլությություն բառի չափման միավորները»
«Երևանի ավագանին հաստատում է Երևանի բյուջեն, բյուջեում նախատեսված են մեր բոլոր ծախսերը և եկամուտները, և մեր բոլոր ծախսերը կատարվում են համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեով»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանի քաղաքապետը շարունակում շռայլ ծախսերը:
Արեյանը «սրբագրեց»լրագրողին` ասելով, որ նրա արտահայտության մեջ «անզգուշություն կա, քանզի դրանք Տարոն Մարգարյանի ծախսերը չեն»:
Պաշտոնյան պնդեց, թե բոլոր քաղաքապետարանի ծախսերը հիմնավորված են ու անհրաժեշտ են համայնքի ծառայությունների համար և դրանք անում է Երևանի քաղաքապետարանը:
«Քաղաքապետարանը դրանք անում է անթաքույց, այդ ծախսերը Տարոն Մարգարյանի անձնական ծախսերը չեն, անձնական վերաբերմունքը չեն», -հավելեց փոխքաղաքապետը:
Լրագրողի դիտարկմանը, թե նման շռայլություն իրավունք ունե՞ն իրենց թույլ տալ այն երկրի իշխանությունները, որտեղ աղքատության բարձր մակարդակ կա, փոխքաղաքապետը պատասխանեց հարցով. «Շռայլությություն բառի չափման միավորները դո՞ւք եք ստեղծել, թե՞ կան»:
Լրագրողները պնդեցին, թե շռայլություն չէ՞ այն, երբ նվերների համար նախատեսված կոնյակների համար Երևանի քաղաքապետարանը 30 մլն դրամ է ծախսում, ամանորյա շոկոլադների համար էլ՝ 9000 դոլար, Արեյանը անդրդվելի էր. «Բոլոր ծախսերն ունեն իրենց հիմնավորումը: Բոլոր ծախսերը բխում են համայնքի շահերից: Համայնքն ունի գործառույթներ, պարտադիր ու պատվիրակված լիազորություններ»:
Քաղաքապետարանի պաշտոնյայի դիտարկմամբ, Երևանը, որպես համայնք, ունի նաև ներկայացուցչական ծախսեր, որոնք կապված են գործուղումների, պատվիրակությունների ու հյուրընկալությունների հետ:
«Դրանք թաքուն չեն արվում, արվում են բաց, հրապարակային, թափանցիկ: Այս ծախսերը նախապես բյուջեի նախագծում են, անցնում են քննարկումների փուլեր, որևէ թաքուն բան չի արվում»,-հավելեց փոխքաղաքապետը:
Հյուրերը, ըստ Արեյանի, պետք է մտածեն, որ այցելում են արժանապատիվ քաղաք: Հարցին, թե ինչ նվեր են բերում Երևան ժամանող պատվիրակությունները, նա պատասխանեց՝ տարբեր հուշանվերներ, որոնք թանկարժեք են, բայց դրանց գները ճշտված չեն:
«Նվեր ստանալուց գները չենք ճշտում, նվեր տալուց գները չենք ասում»,- նշեց նա: