Արտակ Շաբոյան. Տնտեսվարողների բիզնես գործունեությունը մենք չենք կարող մեկնաբանել
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են Ռուսաստանում բենզինի գները երկու անգամ էժան Հայաստանի գներից:
«Հայաստանում բենզինի գները շարունակական նվազման միտում են դրսևորում: Բնականաբար, փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ բենզինը ներկրվում է արտարժույթով, դրա դիմաց վճարումները կատարվում են արտարժույթով, իսկ երկրի ներսում վաճառվում է հայկական դրամով: Այս երկու տարիների ընթացքում հայկական դրամի փոխարժեքն արժեզրկվել է մոտ 17-18 տոկոսով: Բնականաբար, դա իր ազդեցությունն է թողել»,-ասաց Արտակ Շաբոյանը:
Լրագրողների հարցին, թե ի վերջո ինչով է բացատրվում, որ Ռուսաստանում բենզինը երկու անգամ էժան է, քան Հայաստանում, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Բենզինը հիմնականում ներկրվում է ՌԴ-ից: Բենզին ներմուծող ընկերությունների գնային փոփոխություններն ադեկվատ են ձեռքբերման գների փոփոխություններին: Մեր օրենսդրության առումով մենք չարաշահման երևույթներ չենք տեսնում, գնային չարաշահման երևույթներ չկան: Ավելին, մրցակցության պաշտպանության մարմնի խնդիրն է հանդիսանում՝ պարզել՝ կան արդյոք շուկայում մուտքի խոչընդոտներ, թե՝ ոչ:
Ուսումնասիրության արդյունքներում այս ոլորտում, այս շուկայում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»:
Միաժամանակ Ա. Շաբոյանն ասաց, թե տնտեսվարողների բիզնես գործունեությունը իրենք չեն կարող մեկնաբանել: «Եթե կան ընկերություններ, որ կգտնեն քաղաքներ, երկրներ, որտեղ ավելի էժան է, կարող են ավելի էժան ձեռք բերել և ավելի շատ եկամուտ ստանալ, ապա կարող են հանգիստ զբաղվել այդ գործունեությամբ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:
Նշենք, որ գործադիրի այսօրվա նիստում Արտակ Շաբոյանը ներկայացրել է բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: