Լիլիթ Դավթյանը Հայաստան է վերադարձել գրան-պրի մրցանակով
Եկատիրինբուրգի ակադեմիական երգեցողության միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Լիլիթ Դավթյանն արժանացել է գրան-պրի մրցանակի: Նա ժյուրիին գերել ու ցնցել է Կոմիտասի «Օրոր»-ով, կատարել է նաև Ռախմանինովի «Այստեղ լավ է», Մոցարտի «Vado,ma dove O Dei» («Գնալ, բայց ուր»), Ռոսինիի «La danza» ստեղծագործությունները: Panorama.am-ի հետ զրույցում Լիլիթը պատմեց, որ մրցույթը կայացել է հունվարի 27-ից փետրվարի 2-ը, ելույթ է ունեցել 130 մասնակից տարբեր երկրներից: Մրցույթին մասնակցել են մինչև 20 տարեկան կատարողներ, եղել են տարիքային տարբեր խմբեր: Լիլիթը և ևս 29 հոգի ընդգրկված են եղել 15-18 տարեկանների խմբում:
Լիլիթի խոսքով, սիրում է տարբեր ստեղծագործողների աշխատանքներ կատարել, սակայն ամենահոգեհարազատը Կոմիտասն է. «Այլ ձև եմ կատարում, կարծես հոգիս ապրի Կոմիտասի երգերի մեջ: Հենց «Օրոր»-ը, մրցույթի ժյուրիի անդամներն էին ասում, որ ցնցել է իրենց»:
Լիլիթը և երգում է, և նվագում դաշնամուր, սովորում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ավարտական դասարանում: Այս տարի ցանկանում է ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ դաշնամուրի բաժինը, հաջորդ տարի՝ վոկալի: Եվ վոկալից, և դաշնամուրից տարբեր միջազգային, հանրապետական մրցույթների դափնեկիր է:
«Եվ երգելը, և նվագելն ինձ հոգեհարազատ են, որևէ տարբերություն չեմ դնում»,- ասաց նա:
Լիլիթը կարևորում է միջազգային մրցույթներին, փառատոներին մասնակցելը: Նա գտնում է, որ դրանք օգնում են գիտելիք ձեռք բերել, կատարելագործվել. «Ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը ու կարողացել եմ մեր երկրի պատիվը բարձր պահել»: