«Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց շուրջ 510 մլն դրամ տույժից
«Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց շուրջ 510 մլն դրամ տույժ վճարելու պարտավորությունից: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ստեղծված իրավիճակի, այսպես կոչված, մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ 1 մլրդ դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկում էլ գրավադրված է նաև գույքը:
«Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,- նշեց Կ.Ճշմարիտյանը: