Երևանում անցկացվելու են հայ-չինական մշակույթի օրեր
Չինական նոր տարին կամ Գարնան տոնը Չինաստանի գլխավոր տոնն է: Այդ կապակցությամբ Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվելու են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը և Չինական գիտության և մշակույթի կենտրոնը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանն ասաց, որ հայերն ու չինացիները հին ժողովուրդներ են, ունեն հին արժեքներ, որոնք նման են իրար, նույնիսկ ռազմական պարերում կան նմանություններ:
«Մշակութային օրերի ընթացքում ներկայացնելու ենք թե ինչ ընդհանրություններ, հետաքրքիր փոխկապակցվածություն կա մեր մշակույթների միջև, նաև նպաստելու առողջ ապրելակեպին: Այս միջոցառումները լավ ազդեցություն կունենան, եթե ճիշտ մատուցվի և մեկնաբանվի հասարակությանը: Դարձնելու ենք ավանդական»,- ասաց նա:
Տ.Չոբանյանը տեղեկացրեց, որ մշակութային օրերի ընթացքում անցկացվելու են վարպետության դասեր՝ ոչ միայն մարտարվեստի, այլ նաև մշակութային ոլորտի:
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ, «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Ռոբերտ Վարդումյանն ասաց, որ փառատոնի հիմնական նպատակն է ցույց տալ երկու մշակույթների նմանությունները, ընդհանրությունները:
«Նաև ուզում ենք օգնել մարդկանց օգտվել և կիրառել չինական մշակույթի գանձերը, օգտվել նրանց գիտելիքներից առողջապահության, մարտարվեստի, մշակույթի ցանկացած ոլորտում»,- ասաց նա:
Երևանում Չինական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանն ասաց, որ շատ կարևոր է ուսումնասիրել չինացիների փորձը, գաղափարները, որոնց միջոցով այսօր իրենք հասել են բարձունքների, ներկայացրել դարերի ընթացքում հայ-չինական համագործակցությունը:
Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Մշակութային առաջին միջոցառումը կայանալու է փետրվարի 8-ին Հայաստանի Ճարտարապետների միությունում: Հնչելու է չինական ավանդական երաժշտություն, ցուցադրվելու են պարեր:
Փետրվարի 11-ին Ճարտարապետների միությունում կայանալու է միջոցառում՝ «Ստեղծիր քո ուրույն կալիգրաֆիան» խորագրով: Կալիգրաֆիան՝ մետաքսե կամ թղթի վրա էներգիայի շարժումով ստեղծված կյանք է, որը իր հիմնական բաղադրությունը տարածում է ժամանակի և ռիթմի վրա:
Փետրվարի 15-ին «Ակումբ»-ում կայանալու է չինական թեյախմություն և հայկական խոտաբույսերի թրմերի համտեսում: Թեյը՝ ոգեշնչման անսպառ աղբյուր է՝ գույնի, համի և բուրմունքի նուրբ երանգներով: Կան տարբեր ճաշակներ գոհացնող բազմաթիվ թեյեր, որոնցից յուրաքանչյուրը թարմացնում է մարմինը և վերակագնում ոգու եռանդը:
Փետրվարի 18-ին Ճարտարապետների միությունում ցուցադրվելու է հնագիտական գտածոների և պատմական փաստերի վրա հիմնված փաստագրական ֆիլմ, որը ներկայացնելու է անհայտ պատմական իրողություններ:
Փետրվարի 22-ին «Ակումբ»-ում կլինի դասախոսություն՝ չինական հիերոգլիֆները Ամալի Բեգլարյանի հետ և հայկական տառատեսակների խորհուրդը՝ Հովակիմ Սաղաթելյանի հետ:
Փետրվարի 25-ին Ճարտարապետների միությունում կայանալու է «Հայկական ռազմապարերը՝ մշակույթ և ռազմական ոգի» խորագրով միջոցառում: