Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը. վարչապետ
«Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր»,- այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սակայն, ըստ վարչապետի, տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:
«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե ընկերության, թե ՌԴ-ի համար հստակ կդառան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը: