Հայաստանում բենզինի վաճառքի գինն ադեկվատ է արտերկրից դրա ձեռքբերման գնին. Շաբոյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ Հայաստանում բենզինի վաճառքի գինն ադեկվատ է արտերկրից դրա ձեռքբերման գնին:
Վարչապետի հանձնարարականով ներկայացնելով բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները՝ Արտակ Շաբոյանը նշեց, որ բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է, ուստի այս բնագավառը մշտապես ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում է և իրականացվում են շարունակական ուսումնասիրություններ:
«Հայաստանում բենզինի գները նախորդ տարի նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Եթե դոլարային արտահայտությամբ գնահատենք, ապա բենզինի գները շատ ավելի են նվազել: Մասնավորապես, 2014-ի դրությամբ բենզինի գինը 480-ից նվազել է 390 դրամի, ուստի նշված ժամանակահատվածում բենզինի վաճառքի գները նվազել են 28 տոկոսով, ինչն ադեկվատ է բենզինի ձեռքբերման գներին»,- ընդգծեց Հանձնաժողովի նախագահը:
Ըստ Ա.Շաբոյանի՝ ուսումնասիրել են նաև տարբեր երկրներում իրավիճակը, և այդ ուսումնասիրությունների համաձայն՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում նախորդ տարի բենզինի գները նվազել են 7-10 տոկոսով, իսկ 2015-ի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով:
«Քանի որ նավթի տեսակարար կշիռը կարևոր նշանակություն ունի բենզինի գնի վրա և այն հիմնականում Հայաստան է ներկրվում ՌԴ-ից, ապա Ռուսաստանում նավթի արդյունահանման ծախսերը մեծ ծավալ են կազմում, հարկերն ունեն տեսակարար մեծ կշիռ, բացի այդ՝ կատարվում են բենզինի ներկրման տրանսպորտային մեծ ծախսեր: Ստացվում է, որ Հայատանում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը միայն ութ տոկոս է, ինչի փոփոխությունը քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գնի վրա»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Միաժամանակ, նա ընդգծեց, որ պարբերաբար ուսումնասիրում են բենզին ներմուծող ընկերությունների՝ «Ֆլեշ» և «Սի փի էս»-ի գործունեությունը:
Ըստ Շաբոյանի՝ 2008 թվականի համեմատ բենզին ներկրող խոշոր ընկերությունների թիվը հինգից նվազել է երկուսի: Նա վստահեցրեց, որ այս շուկայում մրցակցության սահմանափական երևույթներ չկան, մուտքի խոչընդոտներ նույնպես: Այնուհանդերձ, եթե լինեն տնտեսվարողներ, որոնք այս ոլորտում կհանդիպեն խոչընդոտների, ապա Շաբոյանը հորդորեց դիմել իրենց և հանձնաժողովը հետևողական կլինի խնդիրների լուծման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան