Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կլինեն տարբեր քաղաքական զարգացումներ. Թևան Պողոսյան
Այս տարի Հայաստանը մի քանի մարտահրավեր ունի՝ թե ներքին, թե արտաքին կյանքի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, հատկապես կարևոր է տնտեսության զարգացման խնդիրը. «Պետք է գիտակցենք, որ ամենակարևորը տնտեսության հզորացումն է, ազատականացումը: Հատկապես այն բոլոր կանխատեսումները, որ արվում էին, ոնց որ կյանքի են կոչվում, կապված Հայաստանի՝ ԵՏՄ ինտեգրման հետ, որևէ դրական արդյունք չի տալիս, ավելի դժվար պայմանների ենք բախվում»:
Թ.Պողոսյանը նաև ասաց, որ երկրում կլինեն տարբեր քաղաքական զարգացումներ, որոնք ուղղված են լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ օրենսդրական բարեփոխումների հետ. «Հասկանալի է նաև, որ քաղաքական կուսակցությունները ձևավորելու են համագործակցության դաշտեր, նոր կուսակցություններ են ի հայտ եկել, կլինեն տարբեր միավորումներ»:
Թ.Պողոսյանի խոսքով, արտաքին քաղաքականության ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրը լինելու է ամենակարևոր հարցը, պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների զարգացումների:
Պատգամավորը խոսեց նաև հայ-իրանական, հայ-վրացական հարաբերությունների մասին՝ նշելով, դրանք ավելի զարգացնելու հնարավորություններ կան:
Թևան Պողոսյանի կարևորեց Հայաստան-ԵՄ բանակցությունների վերսկսումը, հույս հայտնեց, որ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններն այս տարի կավարտվեն, փաստաթուղթը կստորագրվի, ինչը նոր հնարավորություններ կտա ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման առումով, նաև կլինի տնտեսական բաղադրիչ, որը թույլ կտա շարունակել ինտեգրումն այդ ուղղությամբ:
Պատգամավորի խոսքով, գլխավոր մարտահրավերներից է նաև ահաբեկչության դեմ պայքարում, փախստականների և միգրացիոն հոսքերի կառավարման շրջանակում Հայաստանը ցուցաբերի աչալրջություն:
«Տարածաշրջանում պետք է կարողանալ ճիշտ քաղաքականություն վարել, չընդգրկվել մեծ խաղացողների առճակատումների շրջանակում, բայց պատրաստ լինել ցանկացած նոր բացված հնարավորություն օգտագործել ի նպաստ մեր երկրի զարգաման»,- ասաց պատգամավոր Թ. Պողոսյանը: