
Երվանդ Զախարյան. ՀԷՑ-ում առկա են դրական զարգացումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերությունում առկա են դրական զարգացումներ ինչպես կորուստների կրճատման, այնպես էլ` կառավարման արդյունավետության բարձրացման առումով։ Այս մասին նշել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նախօրեին ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Հոսեյն Սամիեիին և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ՝ տիկին Թերեզա Սանչեսին։
ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ե. Զախարյանը հյուրերին տեղեկացրել է՝ անցած տարի կառավարությունը հաստատել է էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. զարգացման ծրագիրը, որի համաձայն նախատեսվում են ներդրումային տարբեր նախագծեր վերականգնվող էներգետիկայի, ենթակայանների արդիականացման, գործող հզորությունների ավելացման և այլ ոլորտներում։ Շարունակվում են աշխատանքները ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առումով։ Դրանց արդյունքում` կայանի գործարկումը կերկարացվի մինչեւ 2027թ.։ Մինչ այդ, աշխատանքներ կիրականացվեն նոր ատոմային բլոկի կառուցման ուղղությամբ։ Նախատեսվում է նաև ջերմային երկու նոր կայանների կառուցում։
Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև էներգահամակարգի մյուս ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, տարածաշրջային ինտեգրացման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։