Քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ կյանքը նորովի վերարժևորելու, վերաիմաստավորելու ժամանակահատված. Էդգար Գյանջումյան
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում համախմբել էր ոչ միայն ոլորտի բուժաշխատողներին, այլև հիվանդներին և հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին:
«Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագրով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
«Օրը խորհրդանշում է, որ բոլորս պետք է ընդհանուր պայքար մղենք այս ծանր հիվանդության դեմ: Միասին հիվանդությունն առավել հաղթահարելի է»,- ընդգծել է նախարարը:
Նա անդրադարձել է նաև հիվանդությունների առավել վաղ փուլերում հայտնաբերմանն ու ախտորոշմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015թ. սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին: Սկրինինգային ծրագրի շրջանակում հանրապետությունում 30-60 տարեկան բոլոր կանայք կարող են անցնել նաև պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման և քաղցկեղի կանխարգելման անվճար հետազոտություն:
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին շրջանում իրականացված աշխատանքները մեծ հեռանկարներ և զարգացման նոր ուղիներ են նախանշում, ինչը կնպաստի մեր երկրում հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը:
Քաղցկեղի դեմ պայքարի գործում նախարարը մեծապես կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների աշխատանքը` որպես վառ օրինակ մատնանշելով, նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը գործուն աջակցությամբ Հայաստանում կարողացել է փրկել ավելի քան 500 երեխայի կյանք:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշել է, որ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ոչ միայն առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնել առկա խնդիրները, այլև խոսել արձանագրված հաջողությունների մասին, շարունակել իրազեկման աշխատանքները:
Նա շեշտել է, որ տարիներ առաջ որդեգրած «Քաղցկեղը դատավճիռ չէ» կարգախոսն արդիական է նաև այսօր:
Տանանյանի խոսքով` կենտրոնը աշխատանքներ են իրականացվում հիվանդներին առավել որակյան բուժօգնության տրամադրման ուղղությամբ:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Խաչատրյանի անվան եռյակը, ինչպես նաև երգահան, «Օգնեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագան Էդգար Գյանջումյանը, ով ներկայացրել է նաև իր անձնական օրինակը, ապաքինվելու երկար և դժվարին ուղին: Էդգար Գյանջումյանը հաստատել է այն ճշմարտությունը, որ քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ կյանքը նորովի վերարժևորելու, վերաիմաստավորելու ժամանակահատված:
Անդրադարձ է կատարվել նաև Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի գործունեությանը:
Միջոցառումից հետո ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել է Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում