Հիմնադրամը հիմնանորոգում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: 1939թ. հիմնված դպրոցում ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթությանը զուգահեռ դպրոցում ստանում են նաև հանրակրթական կրթություն:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը կավարտվի 2016թ. ուսումնական տարվան ընդառաջ: Շենքի ուժեղացման, վերահատակագծման և արդիականացման արդյունքում 1973թ-ին կառուցված դպրոցն արդեն իսկ ունի նոր տանիք, դռներ և պատուհաններ, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության անվտանգության նոր համակարգեր: Կառուցվել են վերելակ, էվակուացիոն աստիճաններ, որոնց առկայության պայմաններում բազմաթիվ խնդիրներ կմնան անցյալում:
Ըստ աղբյուրի, դպրոցի կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ արդիականացվել է և համալրվել ճեմասրահներով: Վերակառուցվել է մարզադահլիճը: Հիմնանորոգման արդյունքում համերգային դահլիճը ձեռք է բերել բեմահարթակ և հարմարավետ պայմաններ թե´ երաժիշտ կատարողների և թե´ հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերը, ջութակահարների անսամբլը, երգչախմբումն ու ջազ-բենդն իրենց պարապմունքներն այսուհետ կանցկացնեն մասնագիտական սենյակներում:
«Բակի բարեկարգման աշխատանքների ավարտին մուտքը դպրոց հնարավոր կդառնա նաև թեքահարթակներով, իսկ արդիականացված լուսավորությունը, տաղավարների ու նստարանների տեղադրումը ներքին բակում սաներին հնարավորություն կտա հաճելի ու հարմարավետ պայմաններում անցկացնել ժամանցը: Դպրոցի արտաքին հարթաքանդակը` հեղինակած ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից, ինչպես նաև ներքին հարթաքանդակն ու գունավոր վիտրաժը կշարունակեն զարդարել դպրոցի կենտրոնական մասնաշենքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ նշել է հիմնադրման 75-ամյակը:
«Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ժառանգությամբ այս կրթօջախն իրավամբ անվանել է երաժիշտների դարբնոց: Այստեղ ուսանել են անվանի երաժիշտներ Էդուարդ Թադևոսյանը, Ռուբեն Ալթունյանը, Վահրամ Սարաջևը Ժան Տեր-Մերգերյանը, Լևոն Չաուշյանը, Սերգեյ Սմբատյանը, Տիգրան Համասյանը, Արամ Թալալյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Բաբախանյանը, Ստեփան Լուսիկյանը և այլ հանրաճանաչ անուններ, ովքեր մեր ազգային հպարտությունն են»,-նշվում է հաղորդագրության մեջ: