Նատալյա Վուտովա. Պետք է կանայք ավելի շատ ներգրավվեն պետական պաշտոններում
Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թվականներին:
Ծրագիր մեկնարկն ազդադարող միջոցառմանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ ծրագրի նպատակներն են հզորացնել Հայաստանում ընտրությունների հետ առնչվող հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները, բարձրացնել հասարակության իրազեկությունը, ինչպես նաև փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձը Արևելյան գործընկերության երկրների միջև:
«Այս ծրագրի նպատակն է առաջին հերթին խրախուսել, որպեսզի ընտրություններին շատ ընտրողներ մասնակցեն: Մենք ուշադրություն ենք դարձրել հենց այս բաղադրիչին: Ըստ Վիճակագրական ծառայության, Հայաստանում երիտասարդ ընտրողները՝ 18-24 հազար, կազմում են ընտրողների 340 հազարը, այսինքն մոտ 15 տոկոսը: Այս տարի 40 հազար նոր ընտրող է լինելու, այսինքն նրանք, ովքեր առաջին անգամ են ընտելու, 2017-ին նրանք կլինեն ավելի քան 70 հազար: Ծրագրի նպատակներից է խրախուսել նրանց ակտիվորեն մասնակցել ընտրություններին»,- ասաց նա:
Նատալյա Վուտովան առանձնացրեց կարևոր մի խնդիր ևս՝ կանանց թեր ներգրավվածությունը պետական պաշտոններում: Ըստ նրա, կանայք կազմում են ընտրողների 54 տոկոսը: Հայաստանում 18 նախարարից միայն երեքն են կին, Երևանի քաղաքային խորհրդի 65 անդամից միայն 10 է կին, 10 մարզի ղեկավարները բոլորը տղամարդիկ են:
«Այս ծրագրի երկրորդ նպատակը լինելու է ավելացնել կանանց մասնակցությունն ընտրություններին և որպես ընտրողներ, և որպես թեկնածուներ»,- նշեց նա:
Նատալյա Վուտովան ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գործում կարևորեց քաղհասարակության դերը. «Միայն իշխանությունները պատասխանատու չեն, նաև քաղաքացիական հասարակությունը: Դրա համար պետք է իշխանությունները համագործակցեն քաղհասարակության հետ, այդ կազմակերպություններին ընդունեն գործընկերներ, ոչ թե թշնամիներ: Ծրագրի նպատակն է նպաստել այդ համագործակցությանը»:
Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Բյուջեն կազմում է 302.000 եվրո:
2014 թվականի ապրիլի 1-ին Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համաձայնեցին, որ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի հետ նպատակաուղղված համագործակցային աշխատանքներ կտարվեն «Ծրագրային համագործակցության կառուցակարգ»-ի (ԾՀԿ) շրջանակներում: Այս համագործակցային աշխատանքների միջոցով կբարելավվեն Արևելյան գործընկերության երկրների կարողությունները ներպետական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որոնք, բացառությամբ Բելառուսի, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են` մերձեցնելով դրանք եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավական պետության ոլորտներում: ԾՀԿ ընդհանուր բյուջեն 2015-2017 թվականների համար կազմում է 33.8 միլիոն եվրո: