Սվիտալսկի. 2017-ի խորհրդարանական ընտրությունները կարող են մեծ դեր խաղալ Հայաստանի ապագայի համար
«Հայաստանն իր պատմության մեջ մոտենում է կարևոր, վճռորոշ պահի. սահմանադրական բարեփոխումներից հետո մոտենում է առաջին համապետական ընտրությունները: Որոշ մարդիկ դա անվանում են խաչմերուկ, քանի որ երկիրն անցում է կատարելու կառավարման նոր մոդելի, որը Հայաստանի համար կարող է բացել նոր հնարավորություններ»,-«Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ըստ նրա, 2017-ի խորհրդարանական ընտրությունները իրապես կարող են մեծ դեր խաղալ Հայաստանի ապագայի համար:
«Հայաստանում վերջին տարիներին ընտրություններն ուղեկցվել են քննադատություններով, ընդդիմադիրները, քաղհասարակությունը բողոքել են ընտրությունների արդյունքներից, արդարությունից, միջազգային դիտորները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, մի քանի կարևոր և լուրջ առաջարկություններ է ներկայացրել տարբեր առիթներով: Հետևաբար Հայաստանում մարդկանց համար կարևոր է վերականգնել վստահությունն ընտրությունների արդարության և լեգիտիմության նկատմամբ: Որոշ մարդիկ ասում են, որ եթե Հայաստանը չօգտվի հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ընձեռած հնարավորությունից վստահությունը վերականգնելու համար, վատ ազդակ կհանդիսանա Հայաստանի հետագա զարգացման համար»,- ասաց նա:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ որոշ քննադատության արժանացավ նաև նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ըստ նրա, միջազգային համայնքի համար կարևոր է, թե խախտումների մասին տեղեկություններն ինչ ուշադրության կարժանանան համապատասխան մարմինների կողմից:
Պ.Սվիտալսկին խոսեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործերի մասին, ապա նշեց. «Միջազգային համայնքը, ԵՄ պատվիրակությունը հույս ունի, որ լուրջ ուշադրության կարժանանան այս գործերը Հայաստանի օրենսդրության համաձայն: Մեզ համար դա կարևոր ազդակ է լինելու, թե ինչպես պատրաստվել հաջորդ ընտրություներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան