Արման Թաթոյանը պաշտոնապես առաջադրվեց. «Կարող եմ լինել անկաշկանդ»
Այսօր ԱԺ Հանրապետական խմբակցության նիստում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Արման Թաթոյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Արման Թաթոյանը ՀՀ արդարադատության փոխնախարարն է: Վերջինի թեկնածությունն առաջարկել է ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Ես ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու: Հանձնաժողովում քննարկումներ կլինեն, կարծում եմ այնտեղ էլ բազմաթիվ հարցեր կներկայացվեն, որոնց կպատասխանեմ մանրամասն», -նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց թեկնածու Արման Թաթոյանը:
Հարցին, թե կկարողանա գործադիր մարմնի ներկայացուցիչը ՄԻՊ պաշտոնում գործել անկաշկանդ, Թաթոյանը դրական պատասխան տվեց, ասելով. «Այո, ես համոզված եմ, որ կարող եմ լինել անկաշկանդ և աշխատել օմբուդսմենի առջև դրված խնդիրիներին համարժեք: Ես տարիներ շարունակ աշխատել եմ ՄԻՊ-ի գրասենյակում և պատկերացնում եմ աշխատանքը»:
Նա խոստացավ ավելի ուշ պատասխանել լրագրողներին հարցերին` նպատակահարմար համարելով սպասել ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Այս պահի դրությամբ ՄԻՊ պաշտոնի հավակնորդներն են ԲՀԿ-ի կողմից առաջադրվող Մակար Եղիազարյանը, Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրվող իրավապաշտպան Նարեկ Ալոյանը և Արման Թաթոյանը:
Թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև փետրվարի 9-նն է: Իսկ ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցը կքննարկվի փետրվարի 12-ին: