ՀԱԿ-ը հակված է չմասնակցել Օմբուդսմենի ընտրությանը. Զուրաբյան
ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը հակված է չմասնակցել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացին: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա բացատրեց, որ իրենց նման դիրքորոշումը բխում է նրանից, որ «ՄԻՊ ընտրությունը լիովին վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից, քանզի ՀՀԿ-ն խուսափում է որևէ դեմոկրատական ընտրությունից»:
«Մենք ավելի շատ հակված ենք չմասնակցել այս ամենին, բայց դեռ այս հարցը վերջնական ֆորմալ լուծում չունի: Ավելի ուշ մենք որոշում կընդունենք», -հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրմանը, Զուրաբյանն ասաց, որ ինքն անձամբ կողմ է նրա թեկնածությանը:
ՄԻՊ պաշտոնում առայժմ երեք թեկնածուի անուն է շրջանառվում` իրավապաշտպան Նարեկ Ալոյան, որին առաջադրում է Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյան, որին առաջադրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը և Արման Թաթոյան` ՀՀԿ-ի կողմից: Վերջինը, նշենք, արդարադատության փոխնախարարն է: