Տ.Մուկուչյան. Ընտրական օրենսգրքի ընդունման համար սահմանված են հստակ ժամկետներ
Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին կարևոր իրավական ակտը, որը հենց նախատեսված է Սահմանադրությամբ, նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է: «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի ընդունման համար սահմանված են հստակ ժամկետներ, և այդ ամենն այն հաշվարկով, որ անհրաժեշտ ժամանակահատվածում ընդունվի Ընտրական օրենսգիրքը, ինչը հնարավորություն կտա առաջիկա համապետական ընտրությունները կազմակերպել դրան համահունչ:
Ըստ նրա, ենթադրվում է այս տարվա աշնանը Հայաստանի համայնքների ավելի քան 90 տոկոսում կայանալիք ՏԻՄ ընտրությունները նույնպես կկազմակերպվեն նոր Ընտրական օրենսգրքին համահունչ:
Խոսելով «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի մասին, ԿԸՀ նախագահն ասաց, որ նախկինում նմանատիպ ծրագրեր իրականացվել են, որոնք վերաբերել են ընտրական գործընթացի տարբեր բաղադրիչներին, մեծապես նպաստել են գործընթացի արդյունավետությանը, թափանցիկությանը:
«Համոզված եմ, որ այս ծրագիրը ոչ միայն խիստ արդիական է, նաև կարևոր է այս փուլում իրականացնելու տեսանկյունից»,- նշեց Տ.Մուկուչյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ կկարողանան արձանագրել ևս մեկ նոր առաջընթաց՝ կապված ընտրական պրոցեսի կազմակերպման արդյունավետության բարձրացման հետ:
Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թվականներին:
Ծրագրի նպատակներն են հզորացնել Հայաստանում ընտրությունների հետ առնչվող հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները, բարձրացնել հասարակության իրազեկությունը, ինչպես նաև փոխանակել ընտրական հարցերի վերաբերյալ լավագույն փորձը Արևելյան գործընկերության երկրների միջև: