ԲՀԿ-ն ունի Օմբուդսմենի իր թեկնածուն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար կառաջադրի ԲՀԿ քաղխորհրդի անդամ, իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Այդ մասին այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Միգուցե այս պահին Մակարի անունը ձեզ շատ բան չի ասում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ իսկապես շատ պրոֆեսիոնալ երիտասարդ է, լուրջ փորձառություն ունի, միջազգային կառույցներում աշխատած է: Ես կարծում եմ, որ այդպիսի երիտասարդներն են, որ իսկապես կարող են հավուր պատշաճի իրականացնել երկրի ամենագլխավոր իրավապաշտպանի պարտականությունը»,- ներկայացնելով իրենց թեկնածուին, հայտարարեց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելուն, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հնարավորինս անաչառ:
«Ես շատ հարգում եմ տիկին Փոստանջյանին, ես գնահատում եմ իր սկզբունքայնությունը, բայց տիկին Փոստանջյանը խիստ սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում ունի: Իսկ ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի լինի բացարձակ անաչառ, նա չպետք է լինի խիստ ընդգծված արմատական գործիչ և նա չպետք է լինի խիստ ընդգծված իշխանամետ գործիչ: Ընդհանրապես, նա պետք է վեր կանգնի քաղաքական գործընթացներից, իսկ տիկին Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքական գործիչ է»,- հավելեց Զոհրաբյանը:
ՄԻՊ պաշտոնում մինչ այժմ երեք թեկնածուի անուն էր շրջանառվում` իրավապաշտպան Նարեկ Ալոյան, որին առաջադրում է Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյան, որին առաջադրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը և Արման Թաթոյան` ՀՀԿ-ի կողմից: Վերջինը, նշենք, արդարադատության փոխնախարարն է:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԿ-ը հակված է չմասնակցել Օմբուդսմենի ընտրությանը. Զուրաբյան
- ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը կպաշտպանի Փոստանջյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին